6 ապրիլի 2009 - 22:21 AMT
Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման համար ստեղծվել է հինգ աշխատանքային խումբ
Երեւանում կայացել է Եվրոպական կառույցների հետ Հայաստանի պետական մարմինների համագործակցությունը համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Քննարկվել եւ հավանության է արժանացել Եվրոպական հարեւանության քաղաքականության «Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի» կատարումն ապահովող 2009-2011 թվականների միջոցառումների ժամանակացույցը:

Լսվել են Եվրոպական միության «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնության մասին դեսպան, Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լյուցենբերգերի եւ արտաքին գործերի նախարարության հաղորդումները:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ այդ նախաձեռնության շրջանակում նախատեսվում է խոշոր ծրագրերի իրականացում Հայաստանում, որոնց նախապատրաստվելու համար գերատեսչությունները պետք է համապատասխան առաջարկություններ մշակեն:

Եվրոպական հարեւանության քաղաքականության ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի կատարումն ապահովող 2009-2011 թվականների մի շարք միջոցառումների իրականացման նպատակով ստեղծվել են 5 աշխատանքային խմբեր` մարդու իրավունքների պաշտպանության ազգային ծրագրի, Հայաստանում եվրոպական ինտեգրացիայի վերաբերյալ տեղեկատվական ռազմավարության ծրագրի, ռադիոակտիվ թափոնների կառավարման ռազմավարության, տեսալսողական ոլորտում ազգային ծրագրի, մարդու առողջության եւ շրջակա միջավայրի վրա վնասակար նյութերի ներգործության ռիսկի նվազեցմանն ուղղված ազգային ռազմավարության մշակման եւ ընդունման նպատակով:

Լսվել է նաեւ Հայաստան-ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» կատարման ընթացքի վերաբերյալ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանի հաղորդումը: Հանձնաժողովը որոշում է կայացրել 2009-2011 թվականների միջոցառումների ծրագիրը եւ ժամանակացույցը ներկայացնել հանրապետության նախագահին` սահմանված կարգով հրամանագրելու համար, հաղորդում է Ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակը: