6 ապրիլի 2009 - 22:55 AMT
Վրաստանի արտաքին քաղաքական դոկտրինի շտկումը «հայկական մասով» զուտ խորհրդանշական է լինելու
«Վրաստանի արտգործնախարարի հայտարարությանը չի կարելի դրական վերաբերվել: Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնայնությունները մերձավոր եւ հեռավոր հարեւանների վերաբերյալ բաշխվել են հետեւյալ կերպ` «ռազմավարական գործընկերություն» Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ, գործընկերություն Ռուսաստանի հետ եւ «պրագմատիկ համագործակցություն» Հայաստանի հետ: Այս սահմանումներն ի սկզբանե հարցեր էին առաջացնում իրապես վարվող քաղաքականությանը դրանց համապատասխանության վերաբերյալ, իսկ թե ինչով ավարտվեց «գործընկերությունն» Ռուսաստանի հետ, մենք լավ ենք հիշում»,-PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Ռազմավարական մշակույթի հիմնադիր Անդրեյ Արեշեւը:

Նրա խոսքերով, եթե Թբիլիսիում, վերջապես, այն եզրակացությանն եկան, որ անհրաժեշտ է շտկումներ կատարել «հայկական ուղղության» իր քաղաքականության մեջ, դա չի կարող չուրախացնել: «Միեւնույն ժամանակ կարեւոր է, որ պարոն Վաշաձեի հայտարարությունը զուտ ձեւականություն չլինի, որն իրապես ոչ մի բանի վրա չի ազդում: Մյուս կողմից, չի կարող ուշադրություն չհարուցել ժամանակավոր համատեքստը: Վաշաձեի հայտարարությունը հնչեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման` սահմանի բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ ահագնացող լուրերի ֆոնի վրա: Հարց է առաջանում, արդյոք այս հայտարարությունն արվել է ինքնուրույն թե հանրահայտ արտաքին ազդեցության հուշումով, որոնք խորհուրդ են տվել ԱԳ նախարարին աշխատել «հայկական ուղղությամբ»,-նշել է ռուս փորձագետը:

Արեշեւը գտնում է նաեւ, որ այս իրավիճակում Երեւանը պետք է հավատարիմ մնա մի քանի տարի առաջ որդեգրած փոխլրացման քաղաքականությանը` պահպանելով Ռուսաստանի հետ հարաբերություններում առկա մակարդակն ու զորացնելով համագործակցությունն Իրանի հետ:

«Երկու երկրների նախագահների ու ԱԳ նախարարների քաղաքական երկխոսությունը բավականին կայուն բնույթ է կրում, չընդհատվեց այն նաեւ անցյալ տարվա օգոստոսյան թեժ օրերին: Միեւնույն ժամանակ, եղբայրության եւ բարեկամության մասին հայ-վրացական պաշտոնական հայտարարությունների ետեւում բավականաչափ խնդիրներ ու հարցեր են կուտակվել: Կարելի է հիշատակել թեկուզ Ջավախքի եւ Վրաստանի տարածքում հայկական պատմամշակութային ժառանգության հարցերը: Պաշտոնական Թբիլիսիի համառ ձգտումը դեպի Եվրոպա նույնպես քիչ է անդրադառնում այդ երկրի տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների հանդեպ վրացական իշխանությունների վարած քաղաքականության վրա, քանի որ փոքրամասնությունները մշտապես դիտարկվում են որպես եթե ոչ ակնհայտ, ապա թաքնված «հինգերորդ շարասյուն»: Վերջին տարիներին երկկողմ օրակարգում ակտիվորեն ընդգրկվում են նաեւ էներգետիկ անվտանգության հարցերը` Վրաստանի միանշանակորեն հակառուսական կուրսի հետեւանքով, որն այդչափ հստակ արտահայտվեց 2008 թվականի օգոստոյան իրադարձությունների ժամանակ: Հայաստանը Իրանի հետ կապող հաղորդակցային նախագծերի իրականացումից հետո, Երեւանն արդեն այդչափ կախված չի լինի վրացական իշխանությունների դիրքորոշումից: Ընդհանուր առմամբ, մինչեւ որ վրացական իշխանությունը կդիտարկի իրեն որպես տարածաշրջանում արտաքին ուժերի շահերի միջնորդ, խնդիրները կմնան: Վրաստանի արտաքին քաղաքական դոկտրինի շտկումը «հայկական մասով» թեեւ դրական երեւույթ է, սակայն զուտ խորհրդանշական է լինելու»,-ընդգծել է Արեշեւը:

Վրաստանն ու Հայաստանը կձեւակերպեն ռազմավարական հարաբերությունները: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: «Կարծում եմ, որ դա տեղի կունենա մոտ ապագայում»,-նշել է նա: Ըստ նախարարի, ռազմավարական հարաբերությունները Հայաստանի հետ կդառնան երկրի արտաքին քաղաքականության նոր ռազմավարության մի մասը: Նախորդն ընդունվել է 3 տարի առաջ եւ նախատեսված էր 2007-2009թթ. համար: