25 մայիսի 2022 - 12:27 AMT
«Միասնական հայրենիք»․ ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների հաստատումը և ԼՂ կարգավորումն առանց ՌԴ-ի միջնորդության գործնականում անպտուղ է

ԱՀ Ազգային ժողովի «Միասնական հայրենիք» խմբակցությունը հայտարարություն է տարածել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ զարգացումների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ։

ԱԽ նախկին քարտուղար Սամվել Բաբայանի խմբակցությունը չի միացել Արցախի ԱԺ հայտարարությանը՝ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության վերաբերյալ։

«1. 2020թ. նոյեմբերի 9-ի հայտնի եռակողմ հայտարարությամբ արձանագրվել է, որ ՀՀ այլևս Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը չէ, նույն հայտարարությամբ այն ստանձնել է Ռուսաստանի Դաշնությունը` հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ տեղակայելով խաղաղապահ զորակազմ: Ուստի ռուսական ազդեցության գոտի Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովումը, այդ թվում` Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների հաստատումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, առանց Ռուսաստանի միջնորդության գործնականում անհեռանկար է և անպտուղ:

2. Հարավային Կովկասի բարդ էթնոքաղաքական հակամարտություններից ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման միակ փաստացի մանդատը կրում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և այս ձևաչափը շրջանցող, հատկապես` հիմնախնդրի նրբություններին խորթ մոտեցումներն անընդունելի են:

Քանի որ Արցախի Հանրապետությունը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում ներգրավված չէ որպես ինքնուրույն սուբյեկտ և նրա անունից բանակցելու իրավունքով հանդես է գալիս Հայաստանը, ուստի ՀՀ իշխանությունները պարտավոր են`

• բանակցային հիմնական սկզբունքների և տարրերի վերաբերյալ ստանալ Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանությունների համաձայնությունը,

• ԼՂ հարցով բանակցություններ վարել կա´մ միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, կա´մ այլևս նախադեպ ունեցող Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ ձևաչափում:

Իսկ հարակից միջնորդությունների շահագրգիռ ջանքերը կարող են և պետք է ուղղված լինեն վերոնշյալ ձևաչափերի շրջանակում ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը խրախուսելուն և աջակցելուն:

3. Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հարցերի, ենթակառուցվածքների ապաշրջափակման, խաղաղության պայմանագրի, տնտեսական զարգացման հարցերում ԵԽ-ի ակտիվ միջնորդական ջանքերն ուղղված են Ադրբեջանի գազային ներուժի օգտագործմամբ Եվրոպայի` ռուսական կախվածությունից հաղթահարմանը: Նմանօրինակ փոխշահավետ ակնկալիքների համատեքստում ԵԽ-ն չի կարող միջնորդական հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցում, ուստի նրա կողմից ցանկացած միջնորդություն դրսևորվելու է Արցախի անվտանգային համակարգի բաղադրիչների զիջմամբ: Այս մասին վկայում է նաև ԵԽ նախագահի բառապաշարը, ով խուսափում է անգամ «Լեռնային Ղարաբաղ» արտահայտության օգտագործումից:

Անընդունելի և անթույլատրելի են ՀՀ իշխանությունների կողմից որևէ միջազգային հանրույթի կամ միջազգային կազմակերպության` նմանաբովանդակ խոսույթի հանդուրժումն ու ներմուծումը ԼՂ հակամարտության կարգավորման օրակարգ:

4. Ադրբեջանի իշխանությունների` 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ձեռք բերված համաձայնությունների չկատարումն ու ագրեսիվ հռետորաբանությունը հակադարձ համեմատական են տարբեր միջնորդությունների արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին:

ԼՂ հակամարտության համապարփակ և վերջնական լուծումը հնարավոր է միայն Արցախի ժողովրդի և նրա կողմից ընտրված իշխանության հետ հորիզոնական հաղորդակցության, ոչ թե վերջիններիս նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու, մարդկության դեմ ուղղված հանցագործություններ իրականացնելու, տեղեկատվական-հոգեբանական ահաբեկչություն կազմակերպելու, սողացող ագրեսիայի միջավայր ստեղծելու պայմաններում»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ «Միասնական հայրենիք» կուսակցությունը վերահաստատում է օրախնդիր մարտահրավերներն ու դրանց գործնական լուծումները չարտացոլող գործողություններից ձեռնպահ մնալու իր հանձնառությունը, ինչի հիմնավորմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հրաժարվել է միանալ մայիսի 24-ին ԱՀ ԱԺ խմբակցությունների տարածած հայտարարությանը:

Արցախի խորհրդարանի 4 խմբակցություններ, համատեղ հայտարարությամբ, արձագանքել են Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպմանն ու դրան հետևած արձանագրումներին, որում մասնավորապես նշվում է, որ ստեղծված պայմաններում Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են առաջնորդվել բացառապես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային ատյաններում առաջ տանելու և պաշտպանելու դիրքորոշմամբ։