25 մայիսի 2022 - 15:03 AMT
ՌԴ դեսպանը Սյունիքում այցելել է սահմանապահ ուղեկալ, հանդիպել ռուս սահմանապահներին

Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը ներկայացրել է դեսպանին իրադրության առանձնահատկությունները

ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Սյունիքում է։ Նա այցելել է սահմանապահ կետեր, հանդիպել ռուս սահմանապահների հետ, հայտնում է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը։

Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է հայկական սահմանին գտնվող Տեղ և Պարույր Սևակ սահմանային կետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև կեցության և ծառայության պայմաններին, որոնք ռուսական կողմի ջանքերով զգալի բարելավվել են սեղմ ժամկետում։

Կոպիրկինը նաև այցելել է Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող ռուս սահմանապահների ուղեկալ։ Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը ներկայացրել է դեսպանին ՀՀ սահմանի այս հատվածում օպերատիվ իրադրության առանձնահատկությունները։

Մայիսի 24-ին, իր այցելության առաջին օրը, Կոպիրկինը հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի 24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։

Սյունիքում էր նաև ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։ Մայիսի 24-ին նրան ընդունել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Թրեյսին ասել է, որ հասկանում է՝ հիմա մարտահրավերներով լի շրջան է Սյունիքի համար և հավելեց, որ դեսպանատունը շարունակում է իր աջակցությունն ԱՄՆ կառավարության տարբեր կառույցների միջոցով։