7 ապրիլի 2009 - 13:36 AMT
Ռուանդայում հարգում են 1994 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը
Ապրիլի 7-ին Ռուանդայում տեղի կունենան 15 տարի առաջ երկրում սկսված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ: Գնահատականների համաձայն, մի քանի շաբաթվա ընթացքում ցեղասպանության զոհ է դարձել 800 հազար մարդ:

Ողբերգական իրադարձությունները ծավալվեցին սկսած 1994 թվականի ապրիլի 7-ից, այն բանից հետո, երբ նախօրեին խփել էին Ռուանդայի նախագահ Ժյուվենալ Խաբյարիմանին փոխադրող ինքնաթիռը: Խաբյարիմանը պատկանում էր հութու ցեղախմբին: Այդ միջադեպը հրահրեց երկրում մասայական ջարդը:

Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատականներով, Ռուանդայում ցեղասպանության արդյունքում սպանվել է երկրում բնակվող բոլոր թութսիների շուրջ 77 տոկոսը: Ռազմատենչ հութուները սպանել են նաեւ իրենց առավել զուսպ ցեղակիցներին:

Ռուանդայի ներկա նախագահ Փոլ Քագամեն կմասնակցի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված գլխավոր արարողությանը, որը տեղի կունենա երկրի Քիգալի մայրաքաղաքում ոչ հեռու այն վայրից, որտեղ սպանվել էին հիմնականում էթնիկ թութսի հազարավոր տղամարդիկ, կանայք եւ երեխաներ ծայրահեղական տրամադրված հութուների կողմից, ՄԱԿ-ի խաղաղարների հեռանալուց հետո, հաղորդում է BBC-ին: