26 մլն դրամի չարաշահումներ՝ Covid 19-ի ժամանակ հյուրանոցներում սննդի մատակարարման ոլորտում

26 մլն դրամի չարաշահումներ՝ Covid 19-ի ժամանակ հյուրանոցներում սննդի մատակարարման ոլորտում

PanARMENIAN.Net - Covid-19 համավարակի ընթացքում հյուրանոցներում մեկուսացված անձանց սննդի մատակարարման ոլորտում 26 մլն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել, տեղեկացնում է Գլխավոր դատախազությունը։

Պարզվել է, որ կառավարության 28.03.2020թ. որոշմամբ հաստատված «Կորոնավիրուսով (Covid 19) պայմանավորված մեկուսացած անձանց կեցության ապահովում» միջոցառման շրջանակում էկոնոմիկայի նախարարության կողմից 4 ընկերությունից ձեռք են բերվել սննդի մատուցման ծառայություններ:

Կառավարության 12.03.2020թ. թիվ 296-Ա որոշման հիման վրա վերը նշված գործարքները, համավարակով պայմանավորված, կատարվել են առանց գրավոր պայմանագրերի կնքման՝ վճարումները կատարելով հաշիվ-ապրանքագրերի հիման վրա:

2020թ. ապրիլ-սեպտեմբեր ամիսների ընթացքում դուրս է գրվել ընդհանուր 23 հարկային հաշիվ և հաշիվ վավերագիր այն մասին, որ նշված ժամանակահատվածում «Գոլդեն Փելես», Զարթոնք, Ծաղկաձորի գրողների տուն, Ծաղկաձոր Նաիրի, Մարիոթ, Մինոտել, Նարե, Նորք Ռեզիդենս, Սպորտ Բազա հյուրանոցներում մեկուսացած ընդհանուր մոտ 32.000 անձի տրամադրվել է մոտ 149,000,000 դրամի սնունդ:

Հարկային հաշիվները և հաշիվ վավերագրերն ընդունվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավասու պաշտոնատար անձանց կողմից:

Մինչդեռ պարզվել է, որ առողջապահության նախարարությունում առկա տվյալների համաձայն՝ վերը նշված հյուրանոցներում ապրիլ-սեպտեմբեր ամիսներին մեկուսացած անձանց թվաքանակը կազմել է մոտ 26,000 մարդ:

Այսինքն` պարզվել է, որ պետությունը մոտ 6.000 անձի հաշվարկով մոտ 23,000,000 դրամ ավելի գումար է վճարել սննդի դիմաց:

Այսպիսով, նշված ընկերությունների պատասխանատու անձինք, օգտվելով համավարակով ստեղծված իրավիճակից, կազմել և դուրս են գրել հարկային հաշիվներ և հաշիվ վավերագրեր, որոնցում գրառել են իրականությանը չհամապատասխանող կեղծ տվյալներ հյուրանոցներում մոտ 6000 բացակա անձանց հատկացված սննդի վերաբերյալ: Դրանք ներկայացնելով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով հափշտակել են զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող ընդհանուր մոտ 23,000,000 դրամի բացակա անձանց համար նախատեսված սննդի գումարները: Իսկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պատասխանատուներն առանց ներկայացված տվյալները ստուգելու, հարկային հաշիվներն ու հաշիվ վավերագրերն ընդունել են՝ անզգուշությամբ պետության համար առաջացնելով ծանր հետևանքներ:

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասի (3 դրվագ), 2-րդ մասի 2-րդ կետի (5 դրվագ), 3-րդ մասի 1-ին կետի (1 դրվագ), 325-րդ հոդվածի 1-ին մասի (9 դրվագ) և 315-րդ հոդվածի 2-րդ մասի (1 դրվագ) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Նախաքննություն կատարելու հանձնարարությամբ քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---