Զոհված զինվորների ծնողները կրկին հանդիպել են Ջհանգիրյանին․ Նա խոստացել է, որ նիստերն այսուհետ 30 րոպե չեն տևի

Զոհված զինվորների ծնողները կրկին հանդիպել են Ջհանգիրյանին․ Նա խոստացել է, որ նիստերն այսուհետ 30 րոպե չեն տևի

PanARMENIAN.Net - Զոհված զինծառայողների ծնողները կրկին Բարձրագույն դատական խորհուրդ են գնացել և հանդիպել ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հետ։ Վերջինս խոստացել է, որ դատական նիստերն այսուհետ երկար կտևեն և հաջորդ նիստին անմիջապես դռնբաց անցկացնելու հարցը կքննարկվի։ Այդ մասին լրագրողներին ասել է զոհված զինծառայողի ծնող, «5165» շարժման հիմնադիր Կարին Տոնոյանը:

Մայիսի 30-ին Վերաքննիչ քրեական դատարանը, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրգործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգել է։ Իսկ մինչ այն հետաձգելու որոշում կայացնելը դռնփակ ռեժիմով անցկացվող նիստը տևել է 30 րոպե։ Զոհվածների ծնողները նիստից հետո գնացել են ԲԴԽ` իրենց բողոքը հայտնելու, հայտնում է Sputnik Արմենիան։

Տոնոյանը լրագրողների հետ զրույցում նշել է` Ջհանգիրյանն ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել դատավորի հետ, որն ասել է` չի հասցրել քննել ծնողներին հուզող միջնորդությունը, գրում է Sputnik Արմենիան։

«Դատավորն ասել է, որ չի հասցրել քննել նիստերը դռնբաց անցկացնելու միջնորդությունը։ Բայց այդ ինչպե՞ս է, որ նման քրգործին, որտեղ մի քանի հազար զոհի մասին է խոսքը, ընդամենը 30 րոպե ժամանակ է տրամադրում։ Ուղղակի ծաղրում են ծնողներին և մարզերից եկողներին 30 րոպեի համար բերում են նիստի»,–ասել է Տոնոյանը։

Նրա խոսքով` Ջհանգիրյանն ասել է, որ օրվա մեջ մեկ դատավորը 21 գործ է քննում կես ժամ տևողությամբ։ Ուստի, ըստ Տոնոյանի, եթե այսպես շարունակվի, այն կտևի մինչև 2050 թվականը։

Բողոքը ներկայացրել են ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ու փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։ Նրանք վիճարկում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ պետական դավաճանության հիմքով քրեական գործ չհարուցելու՝ Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Գագիկ Ջհանգիրյանի հետ առաջին հանդիպումից հետո Տոնոյանն ասել էր, որ դրական է գնահատել ԲԴԽ ղեկավարի վերաբերմունքը` հայտարարելով, որ իրենց պահանջները լսվեցին։ «Պահանջեցինք բաց նիստեր անցկացնել։ Ջհանգիրյանը խորհուրդ տվեց այդ մասին միջնորդություն ներկայացնել։ Բողոքեցինք զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ դատավորի վերաբերմունքից։ Եթե մեր պահանջները չկատարվեն, մենք կրկին կգանք այստեղ», – ասել էր Տոնոյանը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---