Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործով 7 մեղադրյալ կա

Գյումրիում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործով 7 մեղադրյալ կա

PanARMENIAN.Net - Գյումրիի Երևանյան խճուղում, քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում, տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի բոլոր հանգամանքները պարզվել են` 7 անձի մեղադրանք է առաջադրվել, որոնցից 5-ը կալանավորվել է, հայտնում է Քննչական կոմիտեն։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ մայիսի 8-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, մի խումբ երիտասարդներ, Գյումրիում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով, ավտոերթով Երևանից ժամանել են Գյումրի: Երբ ավտոերթը հասել է Գյումրի քաղաքի Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառ, ավտոերթի մասնակիցները նշված կանգառում կանգնած՝ ավտոերթի ընթացքին հետևող տարեց տղամարդկանց կոչ են արել միանալ իրենց:

Ստանալով բացասական պատասխան՝ երիտասարդները վիրավորական արտահայտություններ են հնչեցրել, այնուհետև իջնելով ավտոմեքենայից՝ մոտեցել են հիշյալ տարեց տղամարդկանց, սկսել են վիճաբանել նրանց հետ, հայհոյանքներ են հնչեցրել, ձեռքերով և ոտքերով հարվածներ հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին:

Վերոնշյալ երիտասարդների հանցավոր արարքներից տուժած տղամարդիկ 74, 56, 72 և 84 տարեկան քաղաքացիներ են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ 7 անձի մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---