1 հունիսի 2022 - 11:41 AMT
ՀՀ մշտական ներկայացուցիչը՝ Բանգկոկում․ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել ԼՂ ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանը Բանգկոկում կայացած ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանում հայտարարել է, որ ՄԱԿ-ը չի կարողացել ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդին մարդասիրական օգնության տրամադրումը:

Մայիսի 24-ին Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդես է եկել ելույթով՝ անդրադառնալով կայուն զարգացման օրակարգում առկա խնդիրներին, ինչպես նաև 2020 թվականին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում և դրանից հետո Լեռնային Ղարաբաղում ստեղծված մարդասիրական աղետին։

Հանձնաժողովի նստաշրջանի շրջանակում կայացել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովում ՀՀ մշտական ներկայացուցիչ Վահրամ Կաժոյանի հանդիպումը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Հանձնաժողովի գործադիր քարտուղար Արմիդա Սալսիա Ալիշյահբանայի հետ, որի ընթացքում դեսպան Կաժոյանը հանձնել է իր հավատարմագրերը: Հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի և Հանձնաժողովի միջև համագործակցության հեռանկարները:

Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակությունը մասնակցել է նաև Հայաստանի համար կարևորություն ներկայացնող մի շարք թեմատիկ նիստերի և ունեցավ մի շարք երկկողմ հանդիպումներ հանձնաժողովի անդամ և դիտորդ երկրների պատվիրակությունների հետ:

ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողովի 78-րդ նստաշրջանը անցկացվել է մայիսի 23-27-ը Բանգկոկում։