1 հունիսի 2022 - 12:00 AMT
Զելենսկի․ Ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 31-ին Newsmax հեռուստաալիքին հարցազրույցում ասել է, որ ամեն օր մարտերում ուկրաինացի 60-100 զինծառայող է սպանվում, մոտ 500-ը՝ վիրավորվում:

Զելենսկին նաև նշել է, որ Ուկրաինան մտադիր չէ տարածքներ զիջել, սակայն դրա հետ կապված բարդությունները կարող են քննարկվել, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ նման «բանավեճերն անհրաժեշտ են՝ սկսելու համար հանգուցալուծել այդ բարդությունները և մարտահրավերները դիվանագիտական ալիքներով, հակառակ դեպքում՝ ոչինչ չի ստացվի»։ Նա ասել է նաև՝ վիճակն Ուկրաինայի արևելքում շատ ծանր է՝ ընդգծելով, որ ուկրաինացիներն այդ հատվածում «պահում են պաշտպանության պարագիծը», իսկ Խարկովի շրջանում «հակահարվածներ են հասցնում և ճնշում գործադրում»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։