1 հունիսի 2022 - 13:42 AMT
Կլաարը կրկին կայցելի տարածաշրջան

Առաջիկա օրերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկումների շուրջ զարգացումներին, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական հարաբերություններին և ԼՂ-ին: Այդ մասին ասվում է Եվրախորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցի հրապարակած հայտարարության մեջ։

Վերջինս առնչվում էր ԵԽ նախագահ Շառլ Միշելի մեկնաբանություններին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ մայիսի 22-ի հանդիպմանը հաջորդած իր հայտարարության վերաբերյալ։

Դրանում ասվում է, որ «նախագահ Միշելի հայտարարությունը մայիսի 22-ին կայացած ղեկավարների հանդիպման արդյունքների վերաբերյալ ոչ մի դեպքում չպետք է մեկնաբանվի որպես քննարկումների նախապես որոշված արդյունքի դրսևորում, և որ ի վերջո, ամենակարևորն այն է, որ բոլոր խնդիրները համակողմանիորեն լուծվեն. սա ներառում է բնակչության բոլոր խմբերի իրավունքներն ու անվտանգությունը»։

Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել էր, որ կողմերը պայմանավորվել են, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանազատման հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։ «Քննարկվելու են սահմանազատման հետ կապված բոլոր հացերն ու այն, ինչպես կարելի է լավագույնս կայունություն ապահովել»,-ասվում է հայտարարության մեջ։

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, հայտարարություն էին տարածել` նշելով, որ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։