1 հունիսի 2022 - 15:01 AMT
Բադասյան․ Պետք է որոշենք՝ համընդհանուր հայտարարագրումը միանգամից ամբողջությամբ ենք ներդնելու, թե փուլ առ փուլ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2021թ. պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ, անդրադառնալով համընդհանուր հայտարարագրման ներդրման հարցին, ասել է, որ կառավարությունը դեռ պետք է որոշի՝ եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը միանգամից է ներդրվելու բոլորի համար, թե փուլ առ փուլ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում 2021-ի պետբյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարել է, որ ՀՀ բոլոր քաղաքացիները 2024-ից պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները։ «Ուզում եմ ընդգծել նաև մեր քաղաքական վճռականությունը, որ պետք է ներդնենք համընդհանուր հայտարարագրման համակարգ: Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիները պետք է հայտարարագրեն իրենց եկամուտները, որն ուժի մեջ կմտնի 2024-ին՝ 2023 թվականի եկամուտների համար»,-ասել է նա:

«Պետք է քաղաքական որոշումներ կայացնենք՝ ամբողջությա՞մբ ենք ներդրում բոլորի համար, թե փուլ առ փուլ։ Օրինակ՝ առաջին փուլում համակարգում կարող են ընգրկվել ընդհանուր հարկման համակարգում գործող ընկերությունների բաժնետերերը, կամ պաշտոնյաների ցանկը կարող է ընդլյանվել»,-ասել է Բադասյանը:

Պատասխանելով ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանի հարցին՝ 2024-ից եկամուտների համընդհանուր հայտարարագրման ներդրման տեխնիկական հնարավորությունների մասին հարցին՝ Բադասյանն ասել է, որ որոշում կայացնելու դեպքում տեխնիկական որևէ խնդիր ՊԵԿ-ի առումով չի լինի։