3 հունիսի 2022 - 11:08 AMT
ԱՀ պետնախարար․ ԵՄ-ն չպետք է մասնակցի ԼՂ խնդրի կարգավորմանը

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը ՌԻԱ Նովոստիին հարցազրույցում հայտարարել է, որ Եվրամիությունը չպետք է մասնակցի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։

«Հաշվի առնելով Մինսկի խմբի ձևաչափը և ռուսական խաղաղապահ առաքելության արդյունավետությունը՝ մենք կարծում ենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չպետք է բանակցությունների առարկա դառնա Եվրամիության հետ»,-ասել է Բեգլարյանը։

Նա շեշտել է, որ երկխոսությունն անհրաժեշտ է, սակայն այն չպետք է «մաս դառնա Արևմուտքի հետ ՌԴ ներկայիս բարդ հարաբերությունների»։

Բեգլարյանը հավելել է, որ հիմնախնդրի լուծման համար արդեն գոյություն ունի միջազգայնորեն ճանաչված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափը, որն էլ պատասխանատվություն է կրում հակամարտության կարգավորման համար։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ հայտարարության մեջ նշել է, որ անհրաժեշտ է ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։ Տեքստում օգտագործվել է Ղարաբաղի էթնիկ հայ բնակչություն արտահայտությունը։ «Ես նաև ընդգծել եմ ղեկավարների հետ զրույցում, որ անհրաժեշտ է ապահովել Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»,-ասվում է Միշելի հայտարարության մեջ:

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները, անդրադառնալով եռակողմ հանդիպմանը, հայտարարություն էին տարածել` նշելով, որ Միշելի հայտարարությունը տարակուսանքի տեղիք է տալիս ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման էությունը նենգափոխելու տեսակետից։