3 հունիսի 2022 - 14:32 AMT
Երեխաների ապօրինի որդեգրման գործով 11 անձի մեղադրանք է առաջադրվել. Գործն ուղարկվել է դատարան

2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։

Քրգործը հարուցվել էր ներպետական մարմինների աշխատակիցների կողմից թույլ տրված պաշտոնեական անփութության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, երեխաների առուվաճառքի, փողերի լվացման դեպքերի առթիվ։

Պարզվել և հիմնավորվել է, որ Երևանի բնակչուհին, որը երկար տարիներ աշխատել է իտալական մի շարք ընկերություններում, օտարերկրյա քաղաքացիների խնամքին հանձնելու նպատակով երեխաների վաճառք իրականացնելու համար, ստեղծել է կազմակերպված հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է տարբեր բնագավառներում և պետական տարբեր կառույցներում աշխատող անձանց, ովքեր իրենց գործողություններով օժանդակել են երեխաների ապօրինի որդեգրման գործընթացին:

Քննությամբ պարզվել է հանցավոր խմբի անդամների ինքնությունը, ամբողջ շղթան, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը, երեխաների ապօրինի որդեգրման մեխանիզմը:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ սկսած 2005թ. նոյեմբերից՝ օտարերկրյա պետությունում հավատարմագրված և օտարերկրյա որդեգրումներով զբաղվող ընկերություններից, գումարներ են փոխանցվել Իտալիայի քաղաքացիների համար արտերկրերում որդեգրման գործընթացներ նախաձեռնող և իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչ՝ Երևանի նշված բնակչուհուն։

Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ հիշյալ կազմակերպություններն իրենց գործունեությունը ծավալել են Եվրոպայի և Ասիայի տարբեր երկրներում, իրենց կայքէջում հրապարակել տեղեկություններ՝ նշելով նաև յուրաքանչյուր տարածաշրջանից կամ երկրից որդեգրումների համար սահմանված վճարները, այսպես կոչված «ծախսերը», իսկ ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15,000-25,000 եվրոյի չափով:

Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցած իտալացիները դիմել են նշյալ կազմակերպություններին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը:

Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15,000-25,000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարվա ընթացքում, կազմել է ավելի քան 1,200,000 եվրո:

Երեխաների որդեգրման միջնորդական գործունեություն (համաձայն ՀՀ ընտանեկան օրենսգրքի 115-րդ հոդվածի) չի թույլատրվում:

Այս ամենին զուգահեռ պարզվել է նաև, որ Հայաստանում ապօրինի որդեգրումներով զբաղվող հիշյալ անձը ստեղծել է իր հանցավոր գործողություններում ակտիվ դերակատարում ունեցող հանցակիցների շղթա։

Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետն անխոչընդոտ տրամադրել են որդեգրման ենթակա երեխաների վերաբերյալ հետաքրքրող ամբողջ տեղեկատվությունը:

Ավելին, Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենն իր հերթին տրամադրել է հաստատությունում գտնվող երեխաների վերաբերյալ տեղեկություններ, վերացրել հնարավոր խոչընդոտները, ճանապարհ հարթել օտարերկրացի որդեգրողների համար՝ կոնկրետ երեխաներին փաստացի չտեսակցած և չայցելած ՀՀ քաղաքացի հանդիսացող անձանց տվյալները տրամադրել է վերադասին և հայտնել, որ այդ երեխաներին նրանցից որդեգրելու ցանկություն ոչ ոք չի հայտնել, իսկ որոշ դեպքերում երեխաների առողջական վիճակը ներկայացրել է հնարավոր բարդացած՝ փորձելով որդեգրողի մոտ չեզոքացնել երեխային որդեգրելու ցանկությունը, հետին ամսաթվով փաստաթղթեր կազմելու միջոցով խոչընդոտել է ՀՀ քաղաքացիների կողմից երեխաների որդեգրմանը:

Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրման գործընթացին արհեստականորեն միջամտելով, այն է՝ որոշ դեպքերում որդեգրող զույգի տարիքի ու երեխայի տարբերության հաշվարկներում նրանց մոլորեցնելով, համապատասխան ցուցակում առողջ կամ բուժելի առողջական խնդիրներով երեխաների բացակայության մասին տեղեկություններ տրամադրելով և նույն այդ երեխաներին ներկայացնելով իբրև հիվանդ՝ իր հերթին նպաստել և օժանդակել է հայազգի երեխաներին որդեգրման անվան տակ օտարերկրացիներին վաճառելու գործընթացին:

Միաժամանակ պարզվել է, որ «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենը, փոխտնօրենը և բժիշկը կազմակերպել են ծննդատուն դիմած թիրախային խմբերի՝ արտաամուսնական հարաբերություներից հղիացած կամ անձնական ու ընտանեկան տարբեր պատճառներով հղիությունն արհեսատականորեն ընդհատելու ցանկություն ունեցած հղիների՝ մտացածին պայմաններով վաղաժամ ծննդաբերությունները, ապահովելով նորածինների որդեգրման հնարավորությունը օտարերկրացիների կողմից:

Գործընթացին առնչություն են ունեցել նաև այլ պաշտոնյաներ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերոգրյալ կազմակերպությունների ներկայացուցչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով,

ՀՀ արդարադատության նախարարության ՔԿԱԳ գործակալության պետին և միջազգային պարտավորությունների ապահովման բաժնի պետին՝ 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 308-րդ հոդվածի 1-ին մասով,

Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենին, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետին, «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրենին, փոխտնօրենին և բժշկին և թարգմանչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետին՝ 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նույն բաժնի աշխատակցին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրգործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին: