3 հունիսի 2022 - 15:45 AMT
ԱԳՆ․ ՌԴ-ն տագնապով է ընկալել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի ուժային գործողության լուրը

Մոսկվան տագնապով է ընկալել Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ Թուրքիայի հայտարարությունները և հուսով է, որ Անկարան ձեռնպահ կմնա գործողություններից, որոնք կարող են հանգեցնել իրավիճակի վատթարացմանն այդ երկրում ։ Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի տարածած հայտարարության մեջ։

«Նման քայլը Սիրիայի օրինական կառավարության հետ համաձայնեցման բացակայության պարագայում կնշանակի Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ուղիղ խախտում, կհրահրի լրացուցիչ լարվածություն այդ երկրում։ Հուսով ենք, որ Անկարան ձեռնպահ կմնա գործողություններից, որոնք կարող են հանգեցնել առանց այդ էլ բարդ իրավիճակի վատթարացմանը Սիրիայում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Միևնույն ժամանակ, նշվում է, որ ռուսական կողմը «ըմբռնումով է մոտենում Թուրքիայի մտահոգություններին» ազգային անվտանգությանը սպառնալիքների հետ կապված, որոնք բխում են Սիրիայի սահմանամերձ շրջաններից։

«Այդ կապակցությամբ կարծում ենք, որ թուրք-սիրիական սահմանին հուսալի անվտանգություն հնարավոր է ապահովել միայն այն դեպքում, եթե այդ շրջաններում տեղակայվեն Սիրիայի ուժային կառույցների զինծառայողները։ Դա կլիներ Սիրիայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականությունը հարգելու վերաբերյալ Անկարայից բազմիցս հնչող հայտարարությունների լավագույն գործնական դրսևորումը»,-ասել է Զախարովան։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիսում նոր «հակաահաբեկչական գործողություն» սկսելու մասին։

«Սկսվում է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից 30 կմ խորությամբ «անվտանգության գոտու» ձևավորման նոր փուլը։ Մենք մաքրում ենք ահաբեկիչներից Թալ-Ռըֆաթն ու Մյունբիչը»,-ասել է նա։

2017-ից ի վեր Թուրքիան 3 ռազմական գործողություն է անցկացրել Սիրիայում՝ արդյունքում բուֆերային գոտի է առաջացել Աազազ և Ջերաբլուս քաղաքների միջև՝ Հալեպից դեպի հյուսիս ուղղությամբ։ Թուրքական զորքերի վերահսկողության տակ է նաև Աֆրինը և սահմանակից շրջանները։