3 հունիսի 2022 - 17:00 AMT
Դատախազությունը Սամվել Մայրապետյանից 5.6 մլրդ դրամի բռնագանձման հայց է ներկայացրել

Դատախազությունը գործարար Սամվել Մայրապետյանից 5.6 մլրդ դրամ բռնագանձելու հայցադիմում է ներկայացրել դատարան, որն ընդունվել է վարույթ։

Քրգործով կատարված քննությամբ հիմնավորվել է, որ 2002թ. մայիսի 16-ից Գ. Հակոբջանյանը Ս. Մայրապետյանի առաջարկով ստանձնել է փաստացի վերջինիս պատկանող «Գլոբուս» ՍՊԸ-ի տնօրենի պաշտոնը։ 2004թ. «Գլոբուս» ՍՊ ընկերությունը պայմանագիր է կնքել այլ ՍՊԸ-ի հետ, որի հիմքով վերջինիս իրականացրած շինարարական աշխատանքների արդյունքում Երևանի Տերյան 66 հասցեում 2006թ. կառուցվել է ընդհանուր 28650,63 քմ մակերեսով բնակելի շենք։

Կառուցումից անմիջապես հետո Մայրապետյանը, ի սկզբանե նպատակ ունենալով չվճարել ընկերության ձեռնարկատիրական գործունեության արդյունքում ստացվելիք փաստացի եկամուտից առաջացող առանձնապես խոշոր չափերով հարկերը, 2006թ. ընկերության տնօրեն Գ. Հակոբջանյանի միջոցով կազմակերպել է «Գլոբուս» ՍՊԸ-ին պատկանող՝ նշված բնակելի շենքի թվով 141 միավոր անշարժ գույքերն ընկերության կողմից առուվաճառքի պայմանագրերում կեղծ՝ շուկայական արժեքներից էականորեն ցածր գներ նշելու գործընթացը: Արդյունքում` Հակոբջանյանի և ֆիզիկական անձանց միջև կնքվել են առուվաճառքի պայմանագրեր, որոնցում բնակարանների 1 քմ արժեքը նշվել է մոտ 66,000 դրամ, ավտոկայանատեղիների արժեքը՝ մոտ 75,000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքների արժեքը՝ մոտ 61,000 դրամ: Մինչդեռ տվյալ տարածքի բնակարանի 1 քմ շուկայական արժեքը նույն ժամանակահատվածում կազմել է 770,000 դրամ, ավտոկայանատեղի արժեքը՝ 160,000 դրամ, իսկ ոչ բնակելի տարածքի արժեքը՝ 875,000 դրամ։

Այս գործընթացի հետևանքով Հակոբջանյանը «Գլոբուս» ՍՊ ընկերության փաստացի եկամուտը չի ներառել հարկային մարմնին ներկայացված հաշվարկներում՝ այդ կերպ պետական բյուջե չի վճարվել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 5,678,764,260 դրամի հարկ։

2021թ. դեկտեմբերի 7-ին ստացվել է Հակոբջանյանի դիմումը, որով վերջինս չի առարկել և խնդրել է իր նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում 27.12.2021թ. կայացվել է այդ հիմքով Գ. Հակոբջանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշոմ:

Հաշվի առնելով, որ առկա է պետության գույքային շահի խախտման հանգամանք՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը հօգուտ պետական բյուջեի՝ հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության դատատարան՝ Ս. Մայրապետյանից և Գ. Հակոբջանյանից՝ համապարտության կարգով, հօգուտ ՀՀ պետական բյուջեի, 5,678,764,260 դրամ բռնագանձելու պահանջով:

Դատարանի որոշմամբ` հայցադիմումն ընդունվել է վարույթ և հայցագնի չափով արգելանք է դրվել պատասխանողներին պատկանող գույքի վրա: