3 հունիսի 2022 - 17:43 AMT
Միրզոյանն ու Կլաարը քննարկել են ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են բրյուսելյան հանդիպումների արդյունքներով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը:

Միրզոյանն ընդգծել է պայմանավորվածությունների կամայական, իրականությանը չհամապատասխանող մեկնաբանությունների անթույլատրելիությունը և կարևորել կառուցողական մթնոլորտի ապահովմանն ուղղված հռետորաբանության և գործնական քայլերի անհրաժեշտությունը։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ և այս համատեքստում վերահաստատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների վերականգնման կարևորությունը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի աշխատանքների, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հետ կապված հարցերի շուրջ։

Նախարար Միրզոյանն անընդունելի է համարել ռազմատենչ հայտարարությունների և սահմանային սադրանքների միջոցով Հարավային Կովկասում իրավիճակը ապակայուցանցնելու Ադրբեջանի շարունակական փորձերը։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Երևան ժամանած Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առընչվող հարցեր, որի շրջանակում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:

Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահի խոսնակ Բարենդ Լեյցի հրապարակած հայտարարության մեջ ասվում էր, որ Առաջիկա օրերին ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը կրկին կայցելի տարածաշրջան՝ հետևելու քննարկումների շուրջ զարգացումներին, որոնք առնչվում են հայ-ադրբեջանական հարաբերություններին և ԼՂ-ին: