ԱԳ նախարար․ 2021-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Մխ համանախագահները բանակցային հստակ օրակարգ էին առաջարկել, բայց Բաքուն չեղարկեց հանդիպումը

ԱԳ նախարար․ 2021-ի դեկտեմբերին ԵԱՀԿ Մխ համանախագահները բանակցային հստակ օրակարգ էին առաջարկել, բայց Բաքուն չեղարկեց հանդիպումը

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ԱԺ-ում անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ձևաչափով 2021–ի դեկտեմբերին ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների չեղարկված հանդիպմանը, պարզաբանել է, թե ինչու է դա տեղի ունեցել։

2021–ի դեկտեմբերի 1-3-ը Ստոկհոլմում ԵԱՀԿ նախարարական ամենամյա վեհաժողովի շրջանակում պետք է տեղի ունենար ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը, որից մի քանի ժամ առաջ Ջեհյուն Բայրամովը հրաժարվել է հանդիպումից:

Միրզոյանը նշել է, որ ստոկհոլմյան այդ հանդիպումը հնգակողմ էր լինելու, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների մասնակցությամբ։

«3+2 ձևաչափով հանդիպումից առաջ համանախագահներն առանձին հանդիպումների ընթացքում կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ: Դրանից մի քանի օր առաջ Վիեննայում տեղի ունեցած ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում համանախագահները կրկին արձանագրել էին իրենց մանդատը։ Այս գործոններն էլ, համանախագահության ձևաչափի և մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքին զուգահեռ, մեր կարծիքով, դարձան ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառները»,–ասել է ԱԳ նախարարը։

Միրզոյանը հավելել է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ ամենամյա նախարարական խորհրդաժողովի ընթացքում ԵԱՀԿ մասնակից պետությունների մեծ մասը, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, հստակ ընդգծել են ԼՂ հակամարտությունը Մինսկի խմբի ձևաչափում բանակցությունների միջոցով կարգավորելու անհրաժեշտությունը։

 Ուշագրավ
---