Կլաար․ Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման

Կլաար․ Առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատության» հետ զրույցում հայտարարել է, որ առանց Ղարաբաղի հայերի կարծիքը հաշվի առնելու հնարավոր չէ հասնել կարգավորման։

Նա այդպես է պատասխանել հարցին, թե արդյոք Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի մասնակցությունն է նկատի ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, երբ բրյուսելյան եռակողմ հանդիպումից հետո հայտարարել է, թե տևական և արդար խաղաղության համար պետք է քննարկում լինի հիմնական բոլոր հարցերի շուրջ՝ շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ։

«Կարծում եմ, ի վերջո, Ղարաբաղի հայերը, իհարկե, մի կողմ են, որոնք պետք է լինեն լուծման մաս՝ ինչ ձևով էլ դա տեղի ունենա… Եվ շատ պարզ է, որ Ղարաբաղում ապրող մարդիկ հիմնարար շահագրգռվածություն ունեն համապարփակ կարգավորման հասնելու հարցում: Եվ անձամբ ես չեմ տեսնում, թե ինչպես կարող ենք հասնել նման կարգավորման՝ առանց այդ մարդկանց կարծիքն ու տեսակետը հաշվի առնելու», - նշել է նա։

Անդրադառնալով այն հարցին, որ Շարլ Միշելը Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո խոսեց միայն Ղարաբաղի էթնիկ հայերի իրավունքների մասին՝ որևէ բան չնշելով ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը մտահոգություն առաջացրեց Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում՝ Կլաարն ասել է, որ ի վերջո հարցն այն է, որ սա պետք է լինի համապարփակ կարգավորում։

«Եվ մենք բոլորս գիտենք, թե ինչպես սկսվեց հակամարտությունը, և այն պետք է վերջնականապես փակվի։ Նախագահ Միշելն իր հայտարարության մեջ էլի շատ բան չի նշել։ Սա հայտարարություն չէր, որն ընդգրկում էր բոլոր այն խնդիրները, որոնք պետք է լուծվեն: Բայց փաստն այն է, որ մենք միշտ ընդգծել ենք, որ հակամարտության համապարփակ կարգավորումն անհրաժեշտ է, և մենք հենց դրա ուղղությամբ ենք աշխատում»,-ասել է նա։

Երևանում Տոյվո Կլաարը հանդիպել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, արտգործնախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ։ Առաջիկայում նախատեսված է Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյայի այցը նաև Բաքու։

 Ուշագրավ
---