Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում․ Սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց չեղավ

Սիմոնյանը՝ ՀԱՊԿ ԽՎ նիստում․ Սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց չեղավ

PanARMENIAN.Net - Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը, ելույթ ունենալով Երևանում անցկացվող ՀԱՊԿ ԽՎ խորհրդի նիստում, ասել է, որ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ սպասում էր, որ ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման մեխանիզմները կաշխատեն, բայց, դա տեղի չունեցավ:

Նա ընդհանուր գծերով տեղեկացրել է 2021-2022 թթ. ընթացքում ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության առաջնայնությունների իրականացման ընթացքի մասին:

Նա նշել է, որ Կազմակերպության նախագահությունը ստանձնելով որպես առաջնահերթություն՝ խնդիր է դրվել արդիականացնել ճգնաժամային արձագանքման, մոնիտորինգի, ճգնաժամային իրավիճակների կանխատեսման և կանխարգելման մեխանիզմները:

Նա նշել է, որ Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության արդյունքները հավաստեցին կազմակերպության պատրաստակամությունը՝ անդամ պետությունների անվտանգության մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու ուղղությամբ ժամանակին միջոցներ ձեռնարկելու հարցում և ցուցադրեցին ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանային կայունության պահպանման գործում:

«Մենք միշտ համարել ենք, որ ՀԱՊԿ-ի ճգնաժամային արձագանքման մեխանիզմները պետք է ճիշտ աշխատեն: Մինչ այդ Հայաստանը մի իրավիճակում էր, երբ մենք սպասում էինք, որ մեխանիզմները կաշխատեն, բայց, ցավոք, դա տեղի չունեցավ»,-ասել է նա:

Նա նշել է, որ ՀՀ հաջորդ գերակայությունը ՀԱՊԿ զորքերի (հավաքական ուժերի) հետագա զարգացումն է, նպատակադրված խնդիրների կատարման նրանց պատրաստակամության պահպանումը՝ հաշվի առնելով ՀԱՊԿ պատասխանատվության գոտու անմիջական մերձակայքում գտնվող տարածաշրջաններում ռազմաքաղաքական իրադրության դինամիկայի և փոփոխման կանխատեսումը:

Նա նշել է, որ ՀՀ նախագահությունն անցնում է աշխարհի անվտանգության ճարտարապետության բարդ փոխակերպման ժամանակաշրջանում:

«Լարված է մնում նաև իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ցավոք, Ադրբեջանը շարունակում է բավականին ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Մտահոգություն է առաջացնում ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժումը Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտի: Հուսով ենք, որ ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները, որոնք առանցքային դեր ունեն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման գործում, կվերականգնեն 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստատուս-քվոն:

ՀՀ-ն հավատարիմ է 2020 թ. նոյեմբերի 9-ի բոլոր պայմանավորվածությունների և պետությունների ղեկավարների հաջորդ եռակողմ հայտարարությունների կատարմանը: 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված մարդասիրական խնդիրների համատեքստում առաջնայինը հայ ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց անվերապահ և անհապաղ վերադարձն է, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանումը ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածքային վեճ չէ, դա Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի հարցն է: Կարծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացի առաջմղման գործում առանցքային դեր պետք է խաղա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը: Միևնույն ժամանակ, կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը չխախտել իրենց ռազմատենչ և ծավալապաշտական հռետորաբանությամբ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանն ուղղված քայլերը»,-ասել է նա:

Սիմոնյանը հավելել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում խաղաղության և բարեկեցության հաստատմանը և բազմիցս արձանագրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամությունը: Նա նշել է, որ հայկական կողմը համապարփակ խաղաղության հասնելու համար օրակարգը լրացրել է իր առաջարկություններով և հանձնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին:

 Ուշագրավ
---