7 հունիսի 2022 - 12:26 AMT
ՀՀ կժամանի Վենետիկի հանձնաժողովի նախագահը

Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով Հայաստան կժամանի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Կլեր Բազի Մալորին։

Մալորիի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Հայաստանում կլինի հունիսի 8-10-ը։

ՀՀ կատարվող այցը լինելու է ոչ միայն տիկին Կլեր Բազի Մալորիի առաջին պաշտոնական արտասահմանյան այցերից մեկը, այլ նաև 2018-ից ի վեր ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահի կողմից առաջին պաշտոնական այցը Երևան:

Վենետիկի հանձնաժողովը Եվրոպայի խորհրդի խորհրդատվական մարմիններից է, որի աշխատանքներին մասնակցում են սահմանադրական իրավունքի լավագույն մասնագետներ՝ ողջ Եվրոպա աշխարհամասից, սակայն ժամանակի թելադրանքով այս խորհրդատվական մարմինը որոշ չափով փոխեց իր գործունեության շրջանակները՝ ընդլայնելով դրանք, և արդեն միջազգային ասպարեզում սկսեց հանդես գալ որպես առավելապես միջազգային կառույց, այլ ոչ՝ ներեվրոպական:

Հանձնաժողովն ստեղծվել է 1990 թ., երբ փլուզվեց Բեռլինի պատը, և եվրոպական մայրցամաքը բախվեց նոր իրավական մարտահրավերների: