7 հունիսի 2022 - 14:52 AMT
Մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները

Հանրապետությունում մեկնարկել են բուհական ընդունելության միասնական քննությունները:

Առաջին քննությունները «Կենսաբանություն» և «Աշխարհագրություն» առարկաներից են: «Կենսաբանություն» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 1635 դիմորդ (2021/2022 ուստարի՝ 1304 դիմորդ), իսկ «Աշխարհագրություն» առարկայից՝ 127 (2021/2022 ուստարի՝ 176 դիմորդ):

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն այդ առթիվ եղել է Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ դպրոցում, որտեղ դիմորդները պետք է քննություն հանձնեին «Կենսաբանություն» առարկայից:

Մինչ քննական գործընթացի մեկնարկը Կարեն Թռչունյանը քննական կենտրոնի ղեկավար Վարդան Պարսամյանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներով, ծանոթացել քննական գործընթացի կազմակերպչական աշխատանքներին, զրուցել դիմորդների հետ:

Լրագրողների հետ զրույցում Կարեն Թռչունյանը փաստել է, որ քննական գործընթացը կազմակերպվել է ընթացակարգի համաձայն՝ առանց խնդիրների:

«Հարկ է նշել, որ վերջին տարիներին բնական գիտությունների հանդեպ հետաքրքրությունն աճել է, ինչը ողջունելի է: Մենք մշտապես կատարելագործում և վերահսկում ենք քննական գործընթացի կազմակերպման ու իրականացման աշխատանքները՝ հաշվի առնելով նաև համապատասխան կառույցների կողմից արված առաջարկները: Մասնավորապես 2023 թ. դիմորդներն արդեն երկու անգամ միասնական քննություն հանձնելու հնարավորություն են ունենալու: Աշխարհում այս մեթոդն ընդունված է: Մենք նախատեսում ենք մշտադիտարկում իրականացնել՝ համակարգի արդյունավետությունը պարզելու և հետագայում այն առավել կատարելագործելու համար»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Երևանում ու մարզերում գործում է 15 քննական կենտրոն, 11-ը՝ մարզերում, 4-ը՝ Երևանում: