7 հունիսի 2022 - 15:04 AMT
Ավանեսյան․ Զարմանում եմ ոստիկանների համբերության վրա՝ փայլուն են ծառայում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով հունիսի 3-ին ոստիկանների և քաղաքացիների միջև բախումների հետևանքով վնասվածքներ ստացածների առողջական վիճակին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ բոլոր քաղաքացիները, ոստիկանները ստացել են համապատասխան բուժօգնություն։

«Նրանց մոտ 70%-ը առավոտյան արդեն դուրս է գրվել, ունեցել ենք ստացիոնար բժշկական օգնության կարիք ունեցողներ, նրանք ևս ստացել են օգնություն և դուրս են գրվել։ Ունենք մեկ քաղաքացի, որը վիրահատվել է, այս պահին նրա առողջական վիճակը բավարար է, հույս ունենք՝ մոտակա օրերին դուրս կգրվի», - ասել է նախարարը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Լրագրողների հարցին, թե ինչպես է գնահատում ոստիկանների գործողություններն ընդդիմադիր քաղաքացիների նկատմամբ՝ Ավանեսյանը պատասխանել է․

«Կարող եմ ասել, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանական ուժերը և բոլորը գործում են խիստ ժողովրդավարական սկզբունքների, օրենքի տառին համաձայն և իրենց ծառայությունը իրականացնում են ամենայն պատշաճությամբ։ Պետք է նշեմ, որ իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք իսկապես փայլուն ծառայություն են իրականացնում, նաև շնորհակալություն եմ հայտնում»։

Նա նշել է, որ վնասվածքները հիմնականում հարվածի, հրմշտոցի հետևանքով են եղել։

«Եղել են մանր պատռվածքներ։ Մեր լիազորությունների շրջանակում չէ գնահատելը, թե ինչից է եղել և ինչպես։ Դրանք հիմնականում եղել են հարվածների հետևանքով», - նշել է նախարարը՝ ընդգծելով, որ խոսքը թե ոստիկանների, թե ցուցարարների վնասվածքների մասին է։

Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ էր դիմել 60 անձ, որոնցից 39-ը ոստիկանության ծառայող է:

Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։