Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում բախման գործով 10 ձերբակալված կա

Դեմիրճյան-Պռոշյան խաչմերուկում բախման գործով 10 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Հունիսի 3-ին Երևանի Դեմիրճյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում ոստիկանության և ցուցարարների միջև բախման գործով 10 մարդ ձերբակալվել է։

«Դիմադրություն» շարժման ղեկավարների կազմակերպմամբ և ուղղորդմամբ՝ հավաքի մասնակիցները փորձել էին ճեղքել Պռոշյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում գտնվող ոստիկանական շղթան և անցնել Դեմիրճյան փողոցի ուղղությամբ՝ դեպի Ազգային Ժողով:

Հավաքի մասնակիցները, չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջներին, սկսել էին զանգվածային անկարգություններ՝ քարերով, մետաղյա ձողերով, մուրճերով, շշերով, ինչպես նաև այլ առարկաներով հարվածներ էին հասցրել նրանց՝ բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, փորձելով ճեղքել ոստիկանական պատը, որով վտանգել էին հասարակական անվտանգությունը: Զանգվածային անկարգության մասնակիցների այդ գործողությունների արդյունքում ոստիկանության չորս տասնյակից ավելի ծառայողներ ստացել էին ծանրության տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, իսկ նրանց մի մասը գտնվում էր ստացիոնար բուժման մեջ: Հիշյալ զանգվածային անկարգության մասնակիցների գործողությունները կասեցվել և խափանվել էին այնտեղ ծառայություն իրականացնող ոստիկանության ուժերի միջամտության արդյունքում»,-ասվում է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում որոշումներ են կայացվել 15 անձի որպես մեղադրյալ ներգրավելու մասին. նրանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: 10 անձի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորում, 4 անձի նկատմամբ՝ անազատության հետ չկապված խափանման միջոցներ, իսկ մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու նպատակով դատարան ներկայացնելու համար կայացվել է ձերբակալման որոշում:

Նշվում է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ զանգվածային անկարգությունների կազմակերպիչների և դրանց մասնակցած այլ անձանց ինքնությունները պարզելու, վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Հունիսի 3-ին Երևանի Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցների և ոստիկանության միջև տեղի ունեցած միջադեպի հետևանքով, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ էր դիմել 60 անձ, որոնցից 39-ը ոստիկանության ծառայող է:

Հունիսի 3-ի երեկոյան կառավարական ամառանոցների մոտ քաշքշուկ է տեղի ունեցել ցուցարարների և ոստիկանների միջև։ Ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել։ Ընդդիմադիրները բողոքի երթով գնացել էին կառավարական ամառանոցների մոտ, որտեղ ակցիա էին իրականացնում և պահանջում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս գա ու պատասխանի Արցախի կարգավիճակի վերաբերյալ իրենց հարցին։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---