Գյուղապետ․ Խրամորթից Քարագլխին ադրբեջանական 4 դրշոի փոխարեն, 1-ն է երևում՝ բնակիչները վերադառնում են

Գյուղապետ․ Խրամորթից Քարագլխին ադրբեջանական 4 դրշոի փոխարեն, 1-ն է երևում՝ բնակիչները վերադառնում են

PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի գյուղապետ Զորիկ Աբրահամյանը, անդրադառնալով տիրող իրավիճակին, ասել է, որ այժմ Խրամորթից Քարագլխին ադրբեջանական 1 դրոշ է երևում՝ 4-ի փոխարեն՝ բնակիչները տուն են վերադառնում:

Նա նշել է, որ բնակիչների մոտ 25 տոկոսն է վերադարձել՝ այդ թվում կանայք ու երեխաներ, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Բնակիչները կամաց-կամաց, մեկը մյուսին նայելով՝ գալիս են։ Գյուղն արդեն գյուղի նման է դարձել։ Մարդիկ իրենց այգիներն են մշակում, թութ են թափում, առօրյա գործերով են զբաղվում։ Քիչ-քիչ են գալիս, չենք էլ կարող ասել միանգամից եկեք, քանի որ պետք է վստահ լինենք, որ մարդկանց անվտանգությունը լիովին ապահովված է։ Ճիշտ է, մեր դիրքերն էլ ունենք, ռուս խաղաղապահներն էլ հենակետեր ունեն գյուղում, բայց, ամեն դեպքում, եթե վաղը կամ մյուս օրը հանկարծ մի բան լինի, ո՞վ է պատասխան տալու։ Քարագլխի հատվածում, համենայնդեպս, իրավիճակը նույնն է՝ թշնամին դեռ այնտեղ է»,-ասել է գյուղապետը։

Գյուղից Քարագլխի բարձունքում տեղակայված ադրբեջացիները չեն երևում։ Թշնամու դրոշներից էլ հիմա միայն մեկն է տեսանելի Խրամորթից, այն էլ՝ մասամբ։

«Ադրբեջանցիներն իրենց դրոշները գագաթից իջեցրել են։ Մինչև վերջերս մեր գյուղից Քարագլխի գագաթին տեղադրված ադրբեջանական չորս դրոշ էր երևում, հիմա մեկն է երևում, էն էլ սարը խանգարում է, լավ չի երևում։ Իրենց տեղաշարժն էլ էինք տեսնում գյուղից, հիմա՝ չէ։ Հնարավոր է՝ խորացած լինեն դեպի Քարագլուխ գյուղատեղի»,-ասել է Աբրահամյանը։

Ստեղծված իրավիճակում խրամորթցիների անվտանգությունը հնարավորինս ապահովում են հայ դիրքապահներն ու ռուս խաղաղապահները։ Գյուղապետն իր տունը խաղաղապահներին է տրամադրել։ Գյուղի՝թշնամուն ամենամոտ գտնվող տունը Աբրահամյանինն է, որն արդեն որոշ ժամանակ է՝ խաղաղապահների կողմից հրամանատարական կետի է վերածվել։

Խրամորթ գյուղում կյանքը մարտի 24-ից կանգ էր առել․ ադրբեջանական զորքերի՝ Փառուխ ներխուժումից հետո հարևան Խրամորթ գյուղից տարհանվել էին կանայք ու երեխաները։ Շուրջ երկու ամիս խրամորթցիներն ապաստանել էին Արցախի տարբեր բնակավայրերում ապրող ծանոթ- բարեկամների տներում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---