Պետական հավաստագրի հիման վրա 5 ամսում մոտ 10,000 աջակցող միջոց է տրամադրվել

Պետական հավաստագրի հիման վրա 5 ամսում մոտ 10,000 աջակցող միջոց է տրամադրվել

PanARMENIAN.Net - 2022 թվականի 5 ամսվա ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պետական հավաստագրի հիման վրա 9883 աջակցող միջոց է տրամադրել 4302 անձի։

Պետական հավաստագիր ստանալու համար հաշմանդամություն ունեցող, ինչպես նաև սոցիալական այլ կարգավիճակ ունեցող անձինք կարող են դիմել Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) իրենց բնակության վայրի տարածքային կենտրոն, ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթեր, որոնց հիման վրա կտրամադրվի պետական հավաստագիր և այն կազմակերպությունների ցանկը, որտեղից կարող են ձեռք բերել իրենց անհրաժեշտ աջակցող միջոցը:

Անվասայլակների, քայլակների, հենակների, ձեռնափայտերի, ստորին և վերին վերջույթների պրոթեզների, լսողական սարքերի և այլ աջակցող միջոցների պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, սոցիալական ապահովության քարտ կամ հանրային ծառայությունների համարանիշ կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանք, ներկայացուցչի դիմելու դեպքում՝ շահառուի կողմից գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր:

Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում, նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև բժշկասոցիալական փորձաքննական որոշում (հաշմանդամության վկայական) և վերականգնողական անհատական ծրագիր (տրված հաշմանդամություն սահմանող բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովի կողմից):

Լսողական սարքի դեպքում, նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև տեղեկանք քիթ-կոկորդ-ականջաբանի կողմից` ծանրալսողության և լսողական սարքի անհրաժեշտության մասին և աուդիոմետրիա։

Օրթեզների դեպքում, նշված փաստաթղթերից բացի, մինչև 18 տարեկանները պետք է ներկայացնեն նաև մասնագիտացված բժշկական կազմակերպության եզրակացություն (անկախ հաշմանդամություն ունենալուց), իսկ 18 տարեկանից բարձր անձինք՝ Միասնական սոցիալական ծառայության եզրակացություն (հաշմանդամություն ունենալու դեպքում)։

Սոցիալապես անապահով անձանց դեպքում, նշված փաստաթղթերից բացի, անհրաժեշտ է ներկայացնել նաև բժշկի կողմից տրված տեղեկանք աջակցող միջոցի անհրաժեշտության վերաբերյալ, ինչպես նաև անապահովության տեղեկանք:

Պահանջվող փաստաթղթերը քաղաքացին կարող է ուղարկել նաև e-request.am հարթակի միջոցով՝ ընտրելով «Լրացնել դիմում»/«Ֆիզիկական անձ» տարբերակը և կցելով նշված փաստաթղթերի գունավոր լուսապատճենները:

Երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց դեպքերի, աջակցող միջոցի վերանորոգման ծառայության և դրա տեսակի, սահմանված ժամկետից շուտ վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար շահառուն կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության ԲՍՓ և աջակցող միջոցներով ապահովման վարչություն (ք․ Երևան, Արմենակյան 129):

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---