Կապառոս․ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր՝ հետևություններ պետք է անենք

Կապառոս․ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր՝ հետևություններ պետք է անենք

PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի B դիվիզիոնի երկրորդ տուրում Հայաստանը 0։2 հաշվով պարտվել է Շոտլանդիային։ Հունիսի 8-ին տեղի ունեցած հանդիպման երկու գոլն էլ գրանցվել է առաջին խաղակեսում։

Շոտլանդիա-Հայաստան խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն նշել է, որ Շոտլանդիայի հավաքականն ավելի ուժեղ էր, տեղեկացնում է Shantnews.am-ը:

«Շատ հեշտ է ամփոփել այս հանդիպումը։ Շոտլանդիայի հավաքականը շատ ավելի ուժեղ էր մեզնից։ Մեզ չհերիքեց մեր ուժերի նկատմամբ վստահությունը, երբ գնդակը մեզ մոտ էր։ Շոտլանդիայի հավաքականը ֆիզիկապես շատ ուժեղ է։ Պետք է հետևություններ անենք ու պատրաստվենք մյուս հանդիպմանը։ Նախ, մրցակիցը ֆիզիկապես շատ ուժեղ թիմ է և անհատական պայքարում շատ մեծ շանս ունի հաղթող դուրս գալու։ Բացի դրանից, շատ լավ են գործում ստանդարտ իրավիճակներում։ Շատ բարձրահասակ են ֆուտբոլիստներն ու կարողանում են օգտագործել իրենց հասակը։ Սրանք էին Շոտլանդիայի հավաքականի առավելությունները։ Շոտլանդիայի և Իռլանդիայի հավաքականները շատ նման են, հատկապես ֆիզպատրաստվածության մակարդակով»,- նշել է գլխավոր մարզիչը։

Երկրորդ տուրից հետո Հայաստանի հավաքականը 3 միավոր ունի, նույնքան միավոր ունեն Շոտլանդիան և Ուկրաինան։

Հունիսի 11-ին Հայաստանի հավաքականը Լեհաստանում հանդիպելու է Ուկրաինայի հավաքականի հետ։ Հունիսի 14-ին Երևանում տեղի կունենա պատասխան խաղը Շոտլանդիայի հավաքականի հետ։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---