Երևանում կկայանա Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան

Երևանում կկայանա  Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին` ժամը 19:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կկայանա Արտավազդ Փելեշյանի «Բնություն» ֆիլմի պրեմիերան։ Այն Փելեշյանի 1993 թվականին նկարահանած «Կյանք» ֆիլմից 27 տարի անց արված առաջին կինոաշխատանքն է:

«Բնություն» ֆիլմի ուշադրության կենտրոնում կրկին մարդու և նրա շրջակա միջավայրի անկայուն համակեցությունն է, թեմա, որը մշտապես ներկա է ռեժիսորի մյուս աշխատանքներում, տեղեկացնում է TM Production ընկերությունը, որը ֆիլմի ցուցադրության նախաձեռնողը և կազմակերպիչն է։

Ֆիլմը ստեղծվել է ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի և գերմանական ZKM Filminstitut-ի պատվերով և հնարավոր է եղել ավարտել հայկական Ժողովրդական արվեստի հանգույց հիմնադրամի աջակցության շնորհիվ։

Ֆիլմում օգտագործվել է Բեթհովենի, Մոցարտի, Շոստակովիչի, Ավետ Տերտերյանի և Տիգրան Համասյանի երաժշտությունը:

Ֆիլմի ցուցադրության նախաձեռնող և կազմակերպիչ «ԹԻ ԷՄ Փրոդաքշն» ընկերությունը հայտնել է, որ երևանյան պրեմիերայի կապակցությամբ հատուկ ժամանելու են Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի գեղարվեստական տնօրեն Էրվե Շանդեսը և ZKM Filminstitut-ի հիմնադիր Անդրեյ Ուջիկան։

Կինոդահլիճ մուտքն ազատ է, հրավիրատոմսերով տեղերն են միայն պարտերի 1-ից 8-րդ կարգը:

«Բնություն» ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում, Ֆրանսիական Cartier ժամանակակից արվեստի հիմնադրամի նախաձեռնությամբ:

«Բնություն» ֆիլմի փառատոնային համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հանրահայտ New York Film Festival փառատոնում 2021 թվականի սեպտեմբերին։ Վերջինիս հաջորդել է եվրոպական պրեմիերան՝ Ամստերդամում՝ դոկումենտալ կինոյի միջազգային թիվ մեկ փառատոնում՝ IDFA-ում (The International Documentary Film Festival Amsterdam), որտեղ Արտավազդ Փելեշյանն արժանացել է նաև «Life achievement award» հատուկ մրցանակի՝ կինոյի ոլորտում ունեցած անգնահատելի ավանդի համար։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---