Փաշինյանը՝ Լավրովին․ Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է անվտանգության և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ

Փաշինյանը՝ Լավրովին․ Մեր օրակարգի գլխավոր հարցը կապված է անվտանգության և ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին և նրա գլխավորած պատվիրակությանը, նշել է, որ օրակարգի գլխավոր հարցը կապված է տարածաշրջանային անվտանգության և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հետ։

«Մենք, իհարկե, Ռուսաստանի հետ բավական ինտենսիվորեն քննարկում ենք այդ հարցը, այլ հարցեր ևս: Օրինակ՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը. վերջերս Մոսկվայում կայացավ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի գլխավորությամբ գործող եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը: Հուսով եմ՝ մոտ ապագայում կհաջողվի կոնկրետ համաձայնությունների գալ և լուծել ռազմավարական կարևորություն ունեցող այդ հարցը՝ ի շահ ամբողջ տարածաշրջանի, հանուն կայունության և խաղաղության:

Շատ կարևոր է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը: Գիտեք, որ վերջերս կայացավ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ աշխատանքային հանձնաժողովի առաջին հանդիպումը: Արդեն պլանավորված է, որ երկրորդ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում, և երրորդ հանդիպումը կկայանա Բրյուսելում: Այս համատեքստում ակնկալում ենք ՌԴ աջակցությունը, որ գործընթացը տեղի ունենա ու ընթանա բնական ճանապարհով և լինի արդյունավետ:

Ցանկանում եմ նաև նշել ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց վերադարձի հարցը, որոնք առայսօր գտնվում են Ադրբեջանում՝ ի հեճուկս նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության: Այս հարցում ևս ակնկալում ենք ՌԴ աջակցությունը, որպեսզի այս հումանիտար հարցը վերջապես ամբողջական լուծում ստանա»,-ասել է վարչապետը»:

Սերգեյ Լավրովը ևս նշել է, որ տարածաշրջանային հարցերը հիմա առանձնահատուկ ուշադրության են արժանի:

«Վլադիմիր Պուտինն ամենաջերմ ողջույններն ու լավագույն բարեմաղթանքներն է հղում Ձեզ և վերահաստատում հանձնառությունը բոլոր այն պայմանավորվածություններին, որոնք ձեռք են բերվել ձեր շփումների ընթացքում՝ հատկապես այս տարվա ապրիլին Ռուսաստան Ձեր պաշտոնական այցի շրջանակում: Դուք նաև հանդիպում եք ունեցել Մոսկվայում՝ ՀԱՊԿ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակում, բազմիցս հեռախոսազրույցներ եք ունեցել:

Մենք հավատարիմ ենք բոլոր այն որոշումներին, որոնք նպատակաուղղված են մեր ռազմավարական գործընկերության, դաշնակցային գործակցության խորացմանը և ընդհանուր առմամբ մեր երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Այսօր Արարատ Միրզոյանի հետ մանրամասն քննարկել ենք, թե դուք՝ բարձրագույն մակարդակով ինչ խնդիրներ եք մեր առջև դրել, և գիտեմ, որ Տնտեսական միջկառավարական հանձնաժողովի շրջանակում ևս այդ աշխատանքն առաջնահերթությունների շարքում է»,-ասել է Լավրովը:

Նա հավելել է, որ 2020-ի նոյեմբերի, 2021-ի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրականացումը ՌԴ առաջնահերթությունն է:

«Մենք նպատակադրված ենք, որ այնտեղ ամրագրված բոլոր ուղղություններն ու գործողությունները՝ միտված տարածաշրջանում իրավիճակի ամբողջական նորմալացմանը, բոլոր խնդիրների, ներառյալ հումանիտար հարցերի կարգավորմանը, լուծվեն ամենասեղմ ժամկետներում: Ինչպես և Դուք հիշատակեցիք, փոխվարչապետերի մակարդակով գործող՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման գծով եռակողմ աշխատանքային խումբը գտնվում է վերջնական պայմանավորվածությունների կոնկրետ ասպեկտների համաձայնեցման առաջանցիկ փուլում: Քննարկել ենք, թե լրացուցիչ ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել, և Ձեզ կզեկուցենք այդ մասին:

Նույնը վերաբերում է նաև դելիմիտացիային: Ողջունում ենք երկու՝ և՛ ձեր, և՛ ադրբեջանական հանձնաժողովների աշխատանքի մեկնարկը: Հիմնադիր նիստը, հանդիպումը կայացավ, և մենք դա շատ կարևոր ենք համարում: Կսկսենք արդեն պատրաստվել Մոսկվայում հանդիպմանը՝ ՌԴ ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնք, ղեկավարների պայմանավորվածություններին համապատասխան, խորհրդատվական ծառայություններ կտրամադրեն, ներառյալ քարտեզագրական նյութեր:

Ընդհանուր առմամբ մենք հետաքրքրված ենք, որպեսզի մեր հարևանների՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները լիովին կարգավորվեն: Իհարկե, ծանոթ ենք առաջարկություններին, որոնք Ադրբեջանն է ներկայացրել այդ համատեքստում, ծանոթ ենք նաև ձեր դիրքորոշումներին, որ գրավոր եք ներկայացրել, և Ռուսաստանը պատրաստ կլինի ձեռնարկել հնարավոր ամեն ինչ՝ փոխադարձ համաձայնության հասնելու ուղղությամբ: Եվ, ինչպես արդեն ասացի, նպատակադրված ենք առանց բացառության բոլոր պայմանավորվածությունների լիարժեք կատարմանը»,-ասել է Լավրովը:

Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են հայ-ռուսական ռազմավարական գործակցությանը, տարածաշրջանային կայունության և խաղաղության օրակարգին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, հայ-ադրբեջանական հարաբերությունների նորմալացման գործընթացին վերաբերող հարցեր:

ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման համատեքստում ՀՀ վարչապետն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կարևոր դերակատարումը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև գիտակրթական, մշակութային կապերի զարգացման շուրջ: Սերգեյ Լավրովը բարձր է գնահատել հայկական կողմի վերաբերմունքն ու հյուրընկալությունը վերջին շրջանում Հայաստան տեղափոխված ՌԴ քաղաքացիների նկատմամբ:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---