10 հունիսի 2022 - 10:52 AMT
Մեկնարկել է ՀԱՊԿ ԱԳՆԽ նիստը․ Ընդդիմությունը երթի է դուրս եկել

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստը:

Նախ տեղի կունենան ՀԱՊԿ անդամ-պետությունների ԱԳ նախարարների նեղ կազմով, ապա և ընդլայնված կազմով խորհրդի նիստերը, որին կհաջորդի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի` լրատվամիջոցների համար հայտարարությունը:

«Դիմադրություն» շարժման անդամները երթով շարժվել են դեպի Բաղրամյան 26։ Շարժման անդամներից Գեղամ Մանուկյանը նշել է, որ ՀՀ ներկայիս իշխանությունների առաջին քայլը ՀԱՊԿ–ում Հայաստանին հեղինակազրկելն էր` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, գեներալ Յուրի Խաչատուրովին կալանավորելով, գրում է Sputnik Արմենիան։

«Մենք այսօր ուզում ենք բարձրաձայնել, որ ներկայիս իշխանությունը չունի լեգիտիմություն, որպեսզի Հայաստանի կամ Արցախի հետ կապված որևէ համաձայնության գա։ Այս իշխանությունը վաղուց կորցրել է հայ ժողովրդի վստահությունը»,–ասել է Մանուկյանը։

Երթի մասնակիցները չեն կարողացել մոտենալ նախագահի նստավայրին, քանի որ դրա հարակից տարածքում ոստիկանները պատ են կազմել։

Ցուցարարները վերադառնում են Ֆրանսիայի հրապարակ։ Մանուկյանը հայտնել է, որ իրենց ուղերձը փոխանցեցին և հիմա պետք է կրկին Ֆրանսիայի հրապարակ գնան։

«Ցանկացած պատվիրակություն հասկանում է, որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, կա քաղաքական ճգնաժամ, որ այս մարդկանց հետ չի կարելի երկարատև ապագա պլանավորել»,– ասել է Մանուկյանը։

Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։ Նա ԱԺ-ում ասել է, որ միջազգային հանրությունը հորդորում է ԼՂ կարգավիճակի հարցում «իջեցնել նշաձողը»։ Մայիսի 2-ից «Դիմադրություն» շարժումն ու նրա կողմնակիցներն ամեն օր Երևանում կազմակերպում են երթեր, հանրահավաքներ, իրականցնում են անհնազանդության ակցիաներ։