ՌԴ կինոֆիլմերի պետֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերը կթվայնացվեն․ Շվիդկոյը դրական է արձագանքել առաջարկին

ՌԴ կինոֆիլմերի պետֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերը կթվայնացվեն․ Շվիդկոյը դրական է արձագանքել առաջարկին

PanARMENIAN.Net - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը ՌԴ նախագահի` միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հետ Երևանում կայացած հանդիպմանն առաջարկել է դիտարկել ԽՍՀՄ ժամանակ նկարահանված և ներկայումս ՌԴ կինոֆիլմերի պետական ֆոնդի արխիվում պահվող հայկական ֆիլմերի թվայնացման կազմակերպումը։

Միխայիլ Շվիդկոյը դրական է արձագանքել: Վահրամ Դումանյանը հավելել է, որ 2023-ին նշվելու է հայ կինոյի 100-ամյա հոբելյանը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում: Նշվել է նաև, որ 2024 թ.-ին Շառլ Ազնավուրի և Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյաններն են:

Դումանյանն անդրադարձել է «Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» և «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» ծրագրերին:

«Հայաստանի մշակույթի օրեր Ռուսաստանում» միջոցառումը տեղի կունենա 2022 թ. հունիսի 10-11-ը Մոսկվայում, իսկ հունիսի 13-ին՝ Կիսլովոդսկում:

Միջոցառման կազմակերպումն ամրագրված է ՀՀ կառավարական պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն այցի շրջանակներում 2022 թվականի ապրիլի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության միջև 2022-2025 թթ. մշակույթի բնագավառում համագործակցության» ծրագրով և նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Միջոցառման շրջանակում նախատեսվում են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Կոմիտասի անվան ազգային քառյակի համերգները: Միջոցառման ծրագրում կընդգրկվեն նաև պաշտոնական ելույթներ հայկական և ռուսական կողմերից: Հայաստանյան պատվիրակությունը գլխավորում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը:

Իսկ 2022 թ. աշնանը կանցկացվի «Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Հայաստանում» միջոցառումը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք այլ հարցեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---