Նախագիծ․ Միայն 2023-ի նախորդ տարվա ռոյալթիի գումարի 25%-ի փոխարեն գանձել 30%-ը

Նախագիծ․ Միայն 2023-ի նախորդ տարվա ռոյալթիի գումարի 25%-ի փոխարեն գանձել 30%-ը

PanARMENIAN.Net - Կառավարությունն առաջարկում է 2023-ին վճարվելիք ռոյալթիի կանխավճարները 25%-ից բարձրացնել մինչև 30%։ Այդ մասին ասել է ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, որտեղ քննարկվել են «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծերը:

Փաթեթի առարկան մետաղական հանքավայրեր շահագործող և արդյունահանող ընկերությունների կողմից վճարվող ռոյալթիների համակարգի վերանայումն և զուգահեռաբար մետաղական խտահանքի արտահանման համար նախատեսված պետական տուրքի կիրառությունից դուրս բերումն է:

«Նախագծի նոր լրամշակմամբ առաջարկում ենք նախորդ տարվա ռոյալթիի գումարի 25%-ի փոխարեն միայն 2023 թվականին կանխավճարը կատարվի նախորդ տարվա ռոյալթիի 30%-ի չափով»,-ասել է Պողոսյանը, տեղեկացնում է Panorama.am-ը։

Փոխնախարարը պարզաբանել է, որ օրենսդրական փոփոխություններից հետո վերանայված ռոյալթիների գծով առաջին վճարումները կկատարվեն 2024 թվականի ապրիլին, երբ կամփոփվեն 2023 թվականի հաշվետու տարին և ստացվելու է, որ եթե հատուկ կարգավորմամբ վերոնշյալ տոկոսի բարձրացումը չլինի, ապա 2023-ին էականորեն կրճատվելու են պետական բյուջեի մուտքրեը, որը մասսամբ վերականգնվելու է միայն 2024 թվականին:

Նա հայտնել է, որ նախագծում արված այդ փոփոխությամբ համահարթեցվում են 2023-ի և 2024-ի բյուջետային մուտքերը և վստահեցրել, որ այս փոփոխությունը քննարկվել է ոլորտի ընկերությունների հետ, որոնք խնդրի ընկալում են ցուցաբերել:

Լրամշակված նախագծին հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել:

Առաջարկվում է ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման բանաձևը վերանայել այնպես, որ մինչև 10 տոկոս շահութաբերության պայմաններում ռոյալթի վճարող կազմակերպությունների մոտ ռոյալթիի գծով հարկային բեռի բարձրացում չլինի: Այս մոտեցմամբ նպատակ է դրվել ունենալ այնպիսի համակարգ, որի պայմաններում մետաղների միջազգային գների և, հետևաբար, կազմակերպությունների շահութաբերության մակարդակի նվազման պայմաններում ռոյալթիի գծով հարկային բեռը կազմակերպությունների արտադրատնտեսական գործունեության շարունակականության ապահովման տեսանկյունից չլինի խնդրահարույց, ռոյալթիի դրույքաչափի հաշվարկման գործող բանաձևում լրացվի 10 տոկոսից բարձր շահութաբերության պայմաններում հաշվարկվող լրացուցիչ բաղադրիչ, որի արդյունքում կհաշվարկվի հավելյալ ռոյալթի՝ 15 տոկոս դրույքաչափով:

Առաջարկ է ներկայացրել նաև հանձնաժողովը, որն ընդունվել է հեղինակի կողմից: Մասնավորապես, պատգամավորներն առաջարկել են Կառավարության առաջարկած մինչև 10 տոկոս շահութաբերության շեմը բարձրացնել մինչև 15 տոկոս:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---