14 հունիսի 2022 - 10:50 AMT
Փոխվարչապետն ու Վիկտորինը կարևորել են Հյուսիս-հարավի կառուցման ծրագիրը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը երկուստեք կարևորել են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները: Գրիգորյանը գլխավորությամբ և ԵՄ պատվիրակության ղեկավար, մասնակցությամբ կառավարությունում ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում է եղել։

Դրա ընթացքում անդրադարձ է կատարվել ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին: Այս համատեքստում փոխվարչապետը կարևորել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը:

Փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի Սյունիքում կրթության որակի բարելավմանը:

Անդրադարձ է կատարվել նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցմանը:

Մտքեր են փոխանակվել մի շարք առանցքային ուղղություններով ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո հաջորդ ծրագրային փաթեթի հնարավոր ուղղությունների շուրջ:

Հանդիպման վերջում ընդգծվել է երկուստեք պատրաստակամություն Եվրոպական հանձնաժողովի կողմից հաստատված և 2021 թվականի հուլիսին ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հայտարարված աջակցության փաթեթի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքն ապահովելու վերաբերյալ:

Քննարկմանը ներկա էին ինչպես ՀՀ գերատեսչությունների, այնպես էլ եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: