Սանոսյան․ Վերին Լարսում ԵԱՏՄ երկրների համար որոշակի արտոնություն կլինի

Սանոսյան․ Վերին Լարսում ԵԱՏՄ երկրների համար որոշակի արտոնություն կլինի

PanARMENIAN.Net - Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ նիստում անդրադառնալով Վերին Լարսի անցակետում առաջացած կուտակումներին, ասել է, որ հարցը սրված է՝ հաշվի առնելով սեզոնային գործոնը։

Նա տեղեկացրել է, որ ՌԴ կառավարության որոշմամբ լրացուցիչ մաքսակետ կբացվի, իսկ ԵԱՏՄ երկրների համար որոշակի արտոնություն կսահմանվի։

«Պետք է խոստովանել, որ բոլոր կողմերը բավական ջանքեր են գործադրում իրավիճակից դուրս գալու համար։ Օրինակ՝ եթե թողունակությունը 400 է, բայց օրը 700 մեքենա են սպասարկում, դա շատ բանի մասին է խոսում»,- ասել է Սանոսյանը։

Նա հավելել է, որ վերջին օրերին Լարսում են եղել էկոնոմիկայի նախարարը, ՏԿԵ փոխնախարարը, ՊԵԿ-ի աշխատակիցները, հանդիպել են ռուսական, վրացական կողմերի ներկայացուցիչների հետ, բազմաթիվ քննարկումներ ունեցել։

«Եվ, կարծես, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ մոտ ժամանակներս ՌԴ կառավարության որոշմամբ լրացուցիչ կետ կտեղադրվի այսօր գործող մաքսակետից փոքր հեռավորության վրա, որն օրվա ընթացքում 170-200 մեքենա կարող է սպասարկել։ Նաև նախատեսվում է որոշակի արտոնություն սահմանել ԵԱՏՄ երկրների համար»,- ասել է Սանոսյանը։

Նա նշել է, որ վերջին օրերին Վերին Լարսի անցակետում կուտակված մեքենաների քանակը բավական նվազել է՝ 400-500 մեքենա հերթում։

«Ժամանակին խնդիր ենք ունեցել Ռուսաստանից դեպի Վրաստան անցնելու ուղղությամբ, որտեղ գրեթե արդեն խնդիր չկա։ Այս կողմից մեքենաների քանակը մոտ 400-500 է, կարծում եմ, երբ խոսում են հազարավոր մեքենաների մասին, բոլոր մեքենաների մասին է խոսքը»,- ասել է նախարարը։

Վերին Լարսում բեռնատարների կուտակմանը նպաստել է նաև այն հանգամանքը, որ Սև ծովով փոխադրումների զգալի մասն այժմ իրականացվում է ցամաքով։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---