ՀՀ-ն առաջին անգամ մասնակցել է London Wine Fair գինիների միջազգային ցուցահանդեսին

ՀՀ-ն առաջին անգամ մասնակցել է London Wine Fair գինիների միջազգային ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Հունիսի 7-9-ը Լոնդոնում տեղի է ունեցել London Wine Fair գինիների միջազգային ցուցահանդեսը, որին Հայաստանը` որպես գինեգործական երկիր, առաջին անգամ մասնակցել է ազգային միասնական տաղավարով:

Հայկական 13 գինեգործական ընկերություն ցուցահանդեսին մասնակցել է Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) և USAID ֆինանսավորմամբ CARD հիմնադրամի կողմից իրականացվող RED-NEO ծրագրի համաֆինանսավորմամբ` ներկայացնելով ավելի քան 70 տեսակի հանգիստ և փրփրուն գինի:

«Հիմնադրամի կողմից իրականացված գինու շուկաների հետազոտությունը մեզ ցույց էր տվել, որ Անգլիան, որպես գնողունակ և որակյալ գինիների սպառման շուկա, մեծ ներուժ ունի հայկական բարձրակարգ գինիների արտահանման և իրացման համար: Ուստի ցուցահանդեսը հիանալի հնարավորություն էր Անգլիայի խստապահանջ սպառողներին և գինու վարպետներին ծանոթացնելու նախ Հայաստանի հետ, որպես հազարամյա գինեգործական ավանդույթների, ապա սրընթաց զարգացող գինու զբոսաշրջության երկիր»-նշել է ՀԽԳՀ գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:

Հայկական գինիների ճանաչելիությունն Անգլիայում բարձրացնելու նպատակով հունիսի 10-ին Մեծ Բրիտանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսիսյանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո ՀԽԳՀ-ն կազմակերպվել էր հայկական գինու երեկո:

Միջոցառմանը հրավիրված էին Անգլիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, գինու վարպետներ, մասնագետներ և գործարար և հայ համայնքի վառ ներկայացուցիչներ: Միջոցառումն իրականացավ USAID ֆինանսավորմամբ CARD հիմնադրամի կողմից իրականացվող RED-NEO ծրագրի աջակցությամբ:

Երեկոյին բացման խոսքով հանդես եկավ դեսպան Վարուժան Ներսիսյանն` ընդգծելով հայկական գինեգործության վերջին տարիներին գրանցած գովելի աճը և նման միջոցառումների իրականացման կարևորությունը: Հայաստանի գինու հազարամյա պատմությանը ծանոթացնելու նպատակով ՀԽԳՀ-ի միջազգային ծրագրերի փորձագետ Հայարփի Շահինյանը հյուրերի համար կազմակերպեց վիրտուալ շրջայց Հայաստանի գինեգործական մարզերով և գինու պատմամշակութային վայրերով:

Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի (ՀԽԳՀ) ստեղծվել է 2016 թ․ կառավարության կողմից և նպատակ ունի խաղողագործության և գինեգործության ոլորտում ներդնել պետական քաղաքականության և զարգացման ծրագրերի նոր ռազմավարություն՝ միտված միջազգային շուկայում հայկական գինու մրցունակության բարձրացմանը, ոլորտի օրենսդրական դաշտի և որակի վերահսկման համակարգի կատարելագործմանը, գործարար միջավայրի բարելավմանը և արտահանման ծավալների մեծացմանը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---