ՖԻՖԱ-ի նախագահ. Կշարունակենք օժանդակել ՀՀ-ին` զարգացնելու ֆուտբոլային ենթակառուցվածքները

ՖԻՖԱ-ի նախագահ. Կշարունակենք օժանդակել ՀՀ-ին` զարգացնելու ֆուտբոլային ենթակառուցվածքները

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ՖԻՖԱ-ի նախագահ Ջաննի Ինֆանտինոյին, որը Երևան է ժամանել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի 30-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում: Փաշինյանը գոհունակությամբ նկատել է, որ վերջին տարիներին Կառավարության ծրագրերով ՖԻՖԱ-ի աջակցությամբ ՀՀ-ում կառուցվել է մոտ 90 փոքր մարզադաշտ:

ՖԻՖԱ-ի նախագահը նշել է, որ առաջին անգամ է այցելում Հայաստան և տպավորված է մեր երկրով, հարուստ պատմությամբ ու մշակույթով: Ինֆանտինոն ընդգծել է սպորտ-կրթություն կապի նշանակությունը և նշել, որ ՖԻՖԱ-ն կշարունակի օժանդակել Հայաստանին` ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացման և դրանով իսկ ոչ միայն մարզական, այլև կրթական ու սոցիալական համապատասխան միջավայրի ձևավորման ծրագրերում:

Վարչապետը նշել է․ «Ֆուտբոլային ենթակառուցվածքների զարգացումն ունի ոչ միայն մարզական, այլև կրթական, սոցիալական, մշակութային մեծ կարևորություն: Կառավարությունն արմատական բարեփոխում է նախաձեռնել առողջ ապրելակերպի ոլորտում և կարևորում է ՖԻՖԱ-ի ու միջազգային մյուս գործընկերների հետ գործակցությունը»:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել համագործակցության օրակարգի շուրջ: Անդրադարձ է եղել, մասնավորապես, ազգային մարզադաշտի կառուցման հարցին: Վարչապետը նշել է, որ միջազգային չափանիշներին համապատասխան ազգային մարզադաշտի կառուցումը Կառավարության առաջնահերթություններից է, և այդ ուղղությամբ որոշակի աշխատանք է տարվում:

ՖԻՖԱ-ի նախագահն ընդգծել է նման կարգի ենթակառուցվածքի նշանակությունը երկրի մարզական հեղինակության տեսանկյունից և նշել, որ ՖԻՖԱ-ն իր գործիքակազմով հնարավորինս կաջակցի այդ գործընթացին: Այս համատեքստում ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ներկայացրել է մինչ օրս կատարված աշխատանքները:

Երկուստեք վերահաստատվել է գործընկերության ամրապնդման պատրաստակամությունը և ընդգծվել է ՖԻՖԱ հիմնադրամի գործադիր տնօրեն, հանրահայտ հայազգի ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆի կարևոր ներդրումն այդ գործում:

Ջաննի Ինֆանտինոն ՖԻՖԱ-ի անունից ՀՀ վարչապետին նվիրել է անվանական մարզաշապիկ և 2022 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության անվանական գնդակ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---