16 հունիսի 2022 - 13:30 AMT
ԱՀ ԱԱԾ․ Արցախ բազմաթիվ օտարերկրացիներ են այցելել, այդ թվում՝ թուրքեր, եղել են ամուսնություններ

ԱՀ ԱԱԾ-ն հորդորում է անհարկի չշահարկել ու կասկած չհարուցել ԱՀ ազգային անվտանգության մարմինների կողմից տարիներ շարունակ իրականացված և ներկայումս անդադար իրականացվող ծանրաբեռնված աշխատանքի արդյունավետությանն ու կարևորությանը և դրա փոխարեն ԱՀ անվտանգությանն ուղղված ցանկացած կասկածահարույց դեպքի ականատես լինելու պարագայում ցուցաբերել բարձր գիտակցություն և անհապաղ հաղորդել ԱՀ իրավապահ մարմիններին: Այդ մասին ասվում է ԱՀ ԱԱԾ հայտարարության մեջ։

Նշվում է, որ վերջին օրերին հրապարակվել են տարբեր հայտարարություններ նախկին տարիներին օտարերկրյա քաղաքացիների կողմից Արցախ, մասնավորապես քաղաք Շուշի կատարված անարգել այցելությունների և ենթադրաբար Արցախի Հանրապետությանն ի վնաս գործունեություն իրականացնելու վերաբերյալ:

«Ազգային անվտանգության մարմինների մասին ԱՀ օրենքի 11-րդ հոդվածի համաձայն ազգային անվտանգության ծառայությունն օժտված է հակահետախուզական գործունեություն իրականացնելու իրավասությամբ, որն ուղղված է օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև առանձին անձանց հետախուզական գործունեության բացահայտմանը, կանխմանը և խափանմանը:

Հատկապես վերջին տարիներին զբոսաշրջության և այլ նպատակներով Արցախի Հանրապետություն են այցելել բազմաթիվ օտարերկրյա քաղաքացիներ (այդ թվում նաև ազգությամբ թուրքեր), արձանագրվել են նույնիսկ ամուսնությունների, Արցախում մշտական բնակություն հաստատելու դեպքեր:

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հակահետախուզական գործունեության շրջանակում մշտապես վեր է հանել կասկածահարույց դեպքերը, կատարել անհրաժեշտ ստուգողական և կանխարգելիչ գործողություններ, այդ անձինք հրավիրվել են ազգային անվտանգության ծառայություն, ստացվել են անհրաժեշտ պարզաբանումներ, իսկ անցանկալի անձանց մուտքն ընդհանրապես արգելվել էր»,-ասվում է հայտարարության մեջ: