Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Ունջյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ

Աշխարհահռչակ կանադահայ դիրիժոր Ունջյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկի հետ

PanARMENIAN.Net - Կանադահայ դիրիժոր Փիթեր Ունջյանը մոտ 25 տարվա դադարից հետո կրկին կայցելի Հայաստան և հանդես կգա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան):

Նրա ղեկավարությամբ համերգները տեղի կունենան Երևանում հունիսի 17-ին՝ ժամը 19:30-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում, Գյումրիում` հունիսի 18-ին՝ ժամը 19:00-ին, Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում:

Համերգի մենակատարն է հանրահայտ ջութակահար Ռոբերտ Մքդաֆին (ԱՄՆ): Ծրագրում կհնչեն սիմֆոնիկ երգացանկի ամենագեղեցիկ և հանրահայտ ստեղծագործությունները՝ Դվորժակի 9-րդ («Նոր աշխարհից») սիմֆոնիան և Բրամսի Ջութակի կոնցերտը:

Տասնչորս տարի լինելով Տորոնտոյի սիմֆոնիկ նվագախմբի երաժշտական տնօրենը, այսօր նաև պատվավոր դիրիժորը՝ Փիթեր Ունջյանը ճանաչվել է Տորոնտոյի գլխավոր ստեղծագործական շարժիչ ուժը: Այժմ Ունջյանը Կոլորադոյի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժորն է:

Արդեն հինգ տասնամյակ է, ինչ կանադահայ աշխարհահռչակ դիրիժոր Փիթեր Ունջյանն իր երաժշտությամբ սեր է փոխանցում հանդիսատեսին: Դիրիժորական աշխարհում հայտնի լինելով իր կատարյալ վարպետությամբ՝ նա կերտել է բազմակողմանի մասնագիտական կենսագրություն նաև որպես ջութակահար, պրոֆեսոր և գեղարվեստական խորհրդատու: Ունջյանը մեր ժամանակների լավագույն դիրիժորներից է:

Միջազգային մամուլն ու հեղինակավոր երաժշտաքննադատները նկարագրում են Ունջյանին մագնիսական ձգողությամբ, հզոր մեկնաբանությամբ, կատարյալ տեխնիկայով դիրիժորի, որի յուրաքանչյուր ելույթը վառ իրադարձություն է:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---