16 հունիսի 2022 - 13:47 AMT
ՔՊ-ում քննարկել են Վահե Հակոբյանին պաշտոնից հեռացնելու հարցը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները քննարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը: Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարել է Տնտեսական հարցերի հանձնաժողովի ՔՊ-ական անդամ Ծովինար Վարդանյանը:

«Արդեն որերորդ հանձնաժողովի նիստն ենք անցկացնում առանց նախագահի, կարծես՝ որևէ հետաքրքրություն չկա նրա կողմից։ Ուստի հանձնաժողովի նախագահի պաշտոնից նրանց հեռացնելու հարց քննարկվել է, բայց դա խմբակցությանը չի ներկայացվել և խմբակցությունում չի քննարկվել, եթե որոշում լինի, կիմանաք»,-ասել է նա, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վարդանյանը նաև ասել է, թե Հակոբյանի կողմից ԱԺ կանոնակարգի գիտելիքի հետ կապված խնդիրներ ևս եղել են։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը, ինչպես խմբակցության մյուս պատգամավորները, «Դիմադրություն» շարժման շրջանակում փողոցային պայքարի են դուրս եկել և չեն հաճախում ԱԺ նիստերին։