16 հունիսի 2022 - 14:16 AMT
Հակոբ Արշակյանը՝ իր ունեցվածքի մասին․ 2010-ից աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով մամուլում հայտնված հրապարակումներին, տեղեկացրել է, թե ինչպես է վաստակել իր ունեցվածքը՝ նշելով, որ 2010-ից աշխատել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում։

«Վերջին երկու օրում մամուլում, իմ անվան հետ կապված, միանգամից երկու նյութեր հայտնվեցին. մեկն այն մասին էր, թե որտեղի՞ց մինչև իմ` 2018թ. պետական պաշտոնի` Տրանսպորտի կապի և ՏՏ նախարարի առաջին տեղակալ նշանակվելը, իմ կողմից հայտարարագրած դրամական միջոցները։

Այս կապակցությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ սկսած 2010-ից աշխատել եմ բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ համաշխարհային առաջատար ընկերություններից մեկում, իսկ 2014-ից ղեկավարել եմ նույն ընկերության տարածաշրջանային գործընկերների ծրագիրը, որն ընդգրկում էր հնդկաստան, ԱՊՀ, Արաբական երկրներ, Աֆրիկա տարածաշրջանը և ստացել եմ համապատասխան վարձատրություն, որը շատ ավելին էր, քան իմ այժմյան աշխատավարձն է։

Ահա թե որտեղից իմ հայտարարագրած դրամական միջոցները։

Ինքնին հասկանալի է, որ նյութը գրողների մոտ տարակուսանք է առաջացել, թե ինչպե՞ս են մարդիկ առանց պետական պաշտոն զբաղեցնելու կարողանում գումար աշխատել, չէ որ նախկինում դրամական միջոցները, անշարժ գույքը հայտնվում էին պաշտոնին զուգընթաց։ Այս մասով արդեն իսկ գործարկված է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքը և պետական նախկին, ներկա և ապագա պաշտոնյաներն այլևս չեն կարող հարստանալ հանրության ու պետության զարգացման հաշվին»,-գրել է նա։

Արշակյանն անդրադարձել է նաև երկրորդ նյութն՝ այն մասին, թե իբրև ինձ սպասարկող մեքենան «ճռիկներ» է անում Ազատության հրապարակում։

«Այս մասով ցանկանում եմ հանրությանը տեղեկացնել, որ երեկ մասնակցել եմ Երևանի պետական համալսարանի շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությանը և Ազատության հրապարակի տեսանյութում երևացող հատվածը, տվյալ ժամանակահատվածում նախատեսված է եղել մեքենաների կայանման համար, որտեղ և կայանվել է նաև ինձ սպասարկող մեքենան»,-ասվում է գրառման մեջ։