Հայ ծանրորդ Առաքել Միրզոյանը նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը

PanARMENIAN.Net - Հայ ծանրամարտիկ, օլիմպիական չեմպիոն Օգսեն Միրզոյանի որդին` Առաքել Միրզոյանը նվաճեց չեմպիոնի կոչումը ապրիլի 4-12 Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում: Հայաստանից երկրի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Աշոտ Մխիթարյանի գլխավորությամբ Ռումինիա են մեկնել 9 մարզիկներ, այդ թվում Առաքել Միրզոյանն ու Գեւորգ Գաբոյանը (69 կգ ք/կ), Արամ Անդրիկյանը եւ Գեւորգ Պողոսյանը (85 կգ ք/կ), Արթուր Բաբայանը (105 կգ ք/կ) եւ Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ ք/կ), ինչպես նաեւ Հռիփսիմե Խուրշուդյանը (85 կգ ք/կ), Մելինե Դալուզյանը (63 կգ ք/կ) եւ Նազիկ Ավդալյանը (69 կգ ք/կ):



Չնայած որ Եվրոպայի առաջնությունը մեկնարկել է ապրիլի 4-ին, հայ մարզիկներն իրենց ելույթները սկսել են ամսի 7-ին` քանի որ այդ օրն են սկսվել մրցումները 69 կգ քաշային կարգում: Ա.Միրզոյանն իր քաշային կարգում առաջինն էր` 20-ամյա մարզիկը պոկում վարժությունում բարձրացրեց 151 կգ, ցույց տալով լավագույն ցուցանիշը: Իսկ հրում վարժության մեջ Միրզոյանը գրանցեց 185 կգ արդյունքը` զիջելով 1 կգ ֆրանսիացի Վենսելաս Դաբայաին: Սակայն, արդյունքում, հավաքելով 336 կգ` Միրզոյանը գերազանցեց Դաբայաին 3 կգ-ով եւ 452 միավորով արժանացավ ոսկե մեդալի:



Հայաստանի ծանրամարտի հավաքականը Եվրոպայի գործող չեմպիոնն է: Անցյալ տարվա առաջնությունում, որն անցնում էր իտալական Լինյանո քաղաքում, հայ ծանրորդները նվաճեցին 9 ոսկե, 3 արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ, այդպիսով, արժանանալով 2008թ. Եվրոպայի առաջնության չեմպիոնների տիտղոսին:



Նշենք, որ հայկական հավաքականն իր լավագույն կազմով է ներկայանում Եվրոպայի առաջնությոնում: Անցյալ տարվա թիմից մնացել է միայն Արթուր Բաբայանը (105 կգ): Եվրոպայի մյուս բոլոր չեմպիոնները չեն ընդգրկվել հավաքականում վնասվածքների պատճառով:



Ինչ վերաբերում է կանանց հավաքականին, ապա այստեղ բոլոր երեք ներկայացուցիչներն Եվրոպայի չեմպիոններ են: Իսկ Մելինե Դալուզյանն արժանացել է այդ կոչմանը երկու տարի աընընդմեջ` 2007 եւ 2008 թվականներին: Դալուզյանն արդեն այսօր կփորձի պահպանել Եվրոպայի չեմպիոնի իր կոչումը:
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---