Դումանյանը՝ ռուսական դպրոցների մասին․ Մեկ հրամանով որոշվող հարց չէ՝ եթե ՌԴ-ն աջակցի, լավ կլինի

Դումանյանը՝ ռուսական դպրոցների մասին․ Մեկ հրամանով որոշվող հարց չէ՝ եթե ՌԴ-ն աջակցի, լավ կլինի

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, անդրադառնալով Հայաստանում ռուսերեն դասավանդմամբ դպրոցների ու դասարանների մասին հարցին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է որոշակի աջակցություն տրամադրել, որպեսզի ռուսերենը Հայաստանում ավելի հանրահռչակվի, շատ լավ կլինի։

«Դա բարդագույն պրոցես է, դա մեկ հրամանով որոշվող հարց չէ` լեզուն դարձնենք այսքան ժամ։ Դարձրեցինք, բայց ո՞վ պիտի դասավանդի, ինչպե՞ս պիտի դասավանդի, ուսուցիչներն ովքե՞ր պիտի լինեն, ինչպե՞ս պիտի պատրաստվեն, վերապատրաստվեն։ Դա շատ բարդ պրոցես է ու միջոցներ է պահանջում։ Հիմա եթե ՌԴ-ն ցանկություն ունի իր լեզուն մեզ մոտ պոպուլյարիզացնելու, ու դա չի հակասում մեր մոտեցումներին, ապա ինչո՞ւմ է հարցը»,- լրագրողներին է դիմել Դումանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նախարարն ընդգծել է, որ ցանկացած լեզվի դասավանդումից շահում են առաջին հերթին Հայաստանն ու հայ հասարակությունը` բարձրացնելով լեզվագիտական մակարդակը։

«Ինչքան տիրապետենք, մեր շահերից է բխում, մենք ենք դրսում այդ լեզվով խոսելու։ Ոչ ոք չի հակադրում հայերենին»,- ասել է նա։

Ինչ վերաբերում է ռուսական դպրոցների բացմանը, Դումանյանը հատուկ շեշտել է, որ ներկա պահին որևէ որոշում գոյություն չունի, բայց իրենք պատրաստ են ողջունել նման նախաձեռնությունը։

Ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հայաստան այցի ընթացքում հայտարարել էր, որ ռուսական կողմը աշխատանքներ է տանում Հայաստանում ռուսական դպրոցների թիվն ավելացնելու ուղղությամբ։

Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտը (ՄԳԻՄՕ) ծրագրում է ռուսական դպրոցներ բացել Հայաստանում, Թուրքիայում և Ղրղզստանում։ Այդ մասին համալսարանի ռեկտոր Անատոլի Տորկունովը հայտնել է Պետերբուրգի տնտեսական համաժողովի իր ելույթում։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---