Դոնֆրիդը՝ Փաշինյանին․ ԱՄՆ վարչակազմը կարևորում է ՀՀ հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը

Դոնֆրիդը՝ Փաշինյանին․ ԱՄՆ վարչակազմը կարևորում է ՀՀ հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումը

PanARMENIAN.Net - Այցով Երևանում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ ԱՄՆ վարչակազմը կարևորում է Հայաստանի հետ տարբեր ուղղություններով փոխգործակցության ընդլայնումն ու ամրապնդումը, ուստի ՀՀ ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանն ուղղված աջակցությունը կրելու է շարունակական բնույթ:

Վարչապետը կարևորել է հայ-ամերիկյան հարաբերությունների շարունակական զարգացումն ու ընդլայնումը և նշել, որ Դոնֆրիդի այցը ևս մեկ հնարավորություն է քննարկելու երկկողմ օրակարգային հարցերը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ԱՄՆ օժանդակությունը ՀՀ կառավարության ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ առաջ մղման գործում` հավելելով, որ ժողովրդավարության զարգացումը գործադիրի կարևորագույն առաջնահերություններից մեկն է:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հանձնաժողովի գործունեությանը:

Կառավարության ղեկավարը կարևորել է տարածաշրջանում կայունության և խաղաղության ամրապնդումը և ընդգծել տարածաշրջանային կայունությունը խաթարող սադրիչ հայտարարություններին ու գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի անհրաժեշտությունը: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ առանցքային դերը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություն և կարևորել ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորման գործընթացը ՄԽ համանախագահության շրջանակում:

Հունիսի 18-ին Քերին Դոնֆրիդին ընդունել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացների, ինչպես նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության զարգացումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---