Միրզոյանը և ԱՄՆ փոխպետքարտուղարը խոսել են ՀՀ և Ադրբեջանի հարաբերությունների և ԼՂ կարգավորման մասին

Միրզոյանը և ԱՄՆ փոխպետքարտուղարը խոսել են ՀՀ և Ադրբեջանի  հարաբերությունների և ԼՂ կարգավորման մասին

PanARMENIAN.Net - ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ընդունելով ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերին Դոնֆրիդին, նրան է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանում տնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացների, ինչպես նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի գործունեության զարգացումները:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է հիմնախնդրի համապարփակ և տևական լուծմանն ուղղված խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում՝ այս համատեքստում կարևորելով ԱՄՆ՝ որպես համանախագահող երկրի ջանքերը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ներկայացրել է 2020թ. Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ ազատ արձակման ու հայրենադարձման, պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանման հարցերը։

Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները: Շեշտվել է կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարներին:

Կարևորելով պաշտոնական մակարդակում փոխայցելությունների և շփումների դրական դինամիկան՝ ՀՀ ԱԳ նախարարը գոհունակությամբ է հիշատակել այս տարվա մայիսին Հայաստանի պատվիրակության այցն ԱՄՆ և դրա շրջանակներում կայացած հանդիպումները, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակներում աշխատանքների վերսկսումը:

Նախատեսված է նաև փոխպետքարտուղար Դոնֆրիդի հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և այլ պաշտոնատար անձանց հետ: Կքննարկվի ԱՄՆ աջակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև տևական խաղաղության հաստատման դիվանագիտական ջանքերին։

Ավելի վաղ Եվրոպական և եվրասիական հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերին Դոնֆրիդն այցելել էր Ադրբեջան։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---