Ոստիկանություն․ Նիգավանի միջադեպը, որի արդյունքում 1 զոհ կա և 6 վիրավոր, քաղենթատեքստ չունի, պատճառը կենցաղային է

Ոստիկանություն․ Նիգավանի միջադեպը, որի արդյունքում  1 զոհ կա և 6 վիրավոր, քաղենթատեքստ չունի, պատճառը կենցաղային է

PanARMENIAN.Net - Հունիսի 19-ին' ժամը 19.45-ի սահմաններում, Արագածոտնի մարզի Նիգավան գյուղում մի խումբ անձանց մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել՝ հնչել են կրակոցներ, նախնական տվյալներով' գործադրվել է որսորդական հրացան:Տուժած 7 տղամարդ տեղափոխվել է տարբեր բժշկական կենտրոններ, նրանցից 1-ը մահացել է:

Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ միջադեպը «քաղաքական ենթատեքստ չի պարունակում, ավելին' պատճառը կենցաղային է»:

Դեպքով քրգործ է հարուցվել։

Ավելի վաղ լրատվամիջոցներում լուրեր էին շրջանառվում, որ կրակողները ՔՊ-ականների հարազատներ են, որոնք կրակել են երիտասարդների վրա, քանի որ վերջիններս հայհոյել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նշվում էր, թե կրակողներն ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Մաթևոս Ասատրյանի հարազատներն են եղել։

Այս առնչությամբ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել՝ նշելով, որ այդ «լուրերը բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ»։

«Հայտնում եմ, որ արդեն մի քանի ժամ մամուլում և որոշ անբարոյական քաղաքական գործիչների կողմից տարածվող լուրերը, թե ես կամ իմ ընտանիք անդամները մասնակցել ենք ժամեր առաջ տեղի ունեցած ողբերգական դեպքին, բացարձակ սուտ են և աղերս չունեն իրականության հետ։

Ակնհայտ է, որ մարդասպանությունը նվիրական հավատամք դարձրածները այս սուտ լուրերով փորձում են հավասարության նշան դնել մեր և իրենց միջև։ Չի՛ հաջողվելու, սրիկաներ։ Ցավակցում եմ մահացածի հարազատին, ապաքինում եմ մաղթում վիրավորներին, վստահ եմ՝ շուտով գործն ամբողջությամբ կբացահայտվի։ Խոհեմություն բոլորիս»,-ասվում է գրառման մեջ։

Վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, մյուսինը՝ կայուն ծանր: Այդ մասին հայտնել է «Արմենիա» ԲԿ-ի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանը, տեղեկացնում է «Մեդիահաբը»։

Նա ասել է, որ մահացածը և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տուժածը վնասվածքներ են ունեցել գլխի ու պարանոցի շրջանում։ Գլխի շրջանում հրազենային վնասվածք ստացած տուժածը վիրահատվել է։

«Սակայն ընդհանուր վիճակն ու ուղեղանյութի տուժվածությունը մեզ բավարար հիմք չի տալիս օպտիմիստ լինել իր հարցով։ Շատ ծանր է վիճակը»,-ասել է Կուրղինյանը։

ԲԿ-ի տնօրենի խոսքով, համեմատաբար կայուն, բայց ծանր, վիճակում է իրենց մոտ տեղափոխված երրորդ տուժածը։

«Վնասված է նրա կրծքավանդակը։ Կատարվել է վիրահատություն, նա գտնվում է ռեանիմացիոն բաժանմունքում»,-նշել է նա։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ վիրավորներից մեկն ԱԱԾ ծառայող է։

«Քիչ առաջ տեղեկացա Ապարանում տեղի ունեցած զարհուրելի դեպքի մասին: Այս պահին կա մեկ զոհված և վեց վիրավոր, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է:

Վիրավորներից մեկը ՀՀ ԱԱԾ ՍԶ աշխատակից է: Առողջություն եմ մաղթում բոլոր վիրավորներին, ցավակցությունս զոհվածի ընտանիքին:

Սպասում եմ իրավապահների գործողություններին և արձագանքին: Հ.Գ. Ժողովրդին սև ու սպիտակի բաժանողներ, գո՞հ եք», - գրել է Վանեցյանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---