Ստոլտենբերգը զգուշացրել է՝ պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ Գուցե տարիներ պահանջվեն

Ստոլտենբերգը զգուշացրել է՝  պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ Գուցե տարիներ պահանջվեն

PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ պատերազմն Ուկրաինայում կարող է երկար տևել․ տարիներ կարող են պահանջվել։ Նա նաև կոչ է արել «շարունակել աջակցությունը Կիևին, որը հակազդում է ռուսական ագրեսիային»։

Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը համաձայնություն է հայտնել այն կանխատեսման հետ, որ պետք չէ պատերազմի շուտափույթ ավարտ ակնկալել, իսկ Բրիտանիայի Գլխավոր շտաբի նորանշանակ պետն առաջարկել է երկրի զինված ուժերին պատրաստ լինել նոր ցամաքային պատերազմի, գրում է BBC-ն։

«Մենք պետք է պատրաստ լինենք, որ դրա համար տարիներ կպահանջվեն։ Մենք չպետք է կասեցնենք աջակցությունն Ուկրաինային։ Նույնիսկ չնայած այն հանգամանքին, որ գինը կարող է բարձր լինել, ոչ միայն ռազմական աջակցության տեսակետից, այլև էներգիայի և սննդամթերքի գների տեսակետից»,- ասել է Ստոլտենբերգը։

Նա նաև հավելել է, որ ավելի ժամանակակից զենքի առաքումն Ուկրաինային կբարձրացնի Դոնբասն ազատագրելու նրա շանսերը, որի մեծ մասն այժմ ՌԴ վերահսկողության տակ է։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Սենատը ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել Ուկրաինային 40 մլրդ դոլարի օգնության փաթեթին։

Փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սկսել Ուկրաինայում` առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---