ՔԿ․ Քյարամյանի և զոհված զինծառայողների հարազատների հանդիպմանը քաշքշուկ, վիրավորանք չի եղել

ՔԿ․ Քյարամյանի և զոհված զինծառայողների հարազատների հանդիպմանը քաշքշուկ, վիրավորանք չի եղել

PanARMENIAN.Net - Քնննչական կոմիտեն պարզաբանում է տարածել կառույցում զոհված զինծառայողների հարազատների հետ հանդիպման վերաբերյալ՝ նշելով, որ կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի մասնակցությամբ հանդիպման ընթացքում քաշքշուկներ, վիրավորանքներ չեն եղել:

«Նկատի ունենալով այն հանգամանքը, որ վերջին շրջանում զանգվածային լրատվության տարբեր միջոցներով և համացանցային տարբեր այլ հարթակներով շարունակաբար անդրադարձ է կատարվում 2020-ի արցախյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողների ու հարազատների մասնակցությամբ ՔԿ-ում կայացած հանդիպմանը և այդ ամենն ուղեկցվում է իրականությանը չհամապատասխանող մեկնաբանություններով՝ անհրաժեշտ է պաշտոնապես պարզաբանել հետևյալը.

2022-ի մայիսի 20-ի՝ հիշյալ հանդիպումը տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի նախաձեռնությամբ և հրավերով, որին ներկա են գտնվել նաև փաստաբաններ, քրեական գործով վարույթն իրականացնող քննիչը, ստորաբաժանման ղեկավարը և Կոմիտեի նախագահի՝ ոլորտը համակարգող տեղակալը։

Ավելի քան քառասուն ծնողների ու հարազատների մասնակցությամբ կայացած հանդիպումը մեկնարկել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի բացման խոսքով և ուղեկցվել հարց ու պատասխանով, որն ընդհատվել է ծնողներից մեկի բուռն արձագանքով, ինչին հաջորդել է հարազատներից մեկի սադրող միջամտությունը, որից հետո Կոմիտեի նախագահը փորձել է պարզել վերջինիս՝ ստեղծված լարվածությունն ակնհայտ հրահրողի, նպատակադրումները: Հանդիպման ընթացքում չեն եղել քաշքշուկներ, վիրավորանքներ, ինչը տեսագրվել է դահլիճում առկա անվտանգության տեսախցիկի միջոցով:

Ստեղծված իրավիճակն անմիջապես հարթվել է և հանդիպումը շարունակվել ու ընդհանուր առմամբ տևել է գրեթե երեք ժամ, որն արգելվել է տեսաձայնագրել, քանի որ համապատասխան քրեական գործը գտնվում է նախաքննության փուլում և ծավալվող խոսակցությունները, բնականաբար, ներառելու էին 2020-ի արցախյան պատերազմին վերաբերող ու նախաքննական գաղտնիք պարունակող որոշակի տեղեկություններ»,-ասվում է հայտարարության մեջ:

ՔԿ-ն նշել է նաև, որ տվյալ հանդիպման վերաբերյալ տարաբնույթ մեկնաբանություններն ու նկարագրություններն անհիմն են և արհեստածի և հորդորել «հանդիպումը և վերջինիս ընթացքում տեղի ունեցած զարգացումները չդարձնել անհարկի շահարկումների առարկա»:

Ավելի վաղ 44-օրյա պատերազմում զոհվածի մայր Կարին Տոնոյանը, մանրամասներ հայտնելով Արգիշտի Քյարամյանի հետ հանդիպումից, ասել էր, որ պաշտոնյաները պետք է հասկանան, որ գործ ունեն զոհվածների ծնողների հետ, որոնք վիրավոր հոգի ունեն։ «Հանդիպման օրը մենք նման պահվածք չտեսանք։ Խոսքում սադրիչ դրույթ եղավ, ինչի հետևանքով ծնողների հետ վիճաբանություն եղավ։ Մենք ապշած էինք, որ նման բարձր պաշտոն զբաղեցնող երիտասարդը բառացիորեն փողոցային պահվածք էր դրսևորում և ծնողներին հրավիրում անձնական հաշվեհարդարի կամ հարց լուծելու։ Որոշ մայրեր, այդ թվում` ես, չհանդուրժելով այդ տեսարանը, դուրս եկանք»,– ասել էր Տոնոյանը՝ հավելելով, որ հետո Քյարամյանը ներողություն է խնդրել, որին ինքն արդեն ներկա չի եղել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---