Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կգործակցեն․ Հուշագիր է ստորագրվել

Հակակոռուպցիոն կոմիտեն և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոն կգործակցեն․ Հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնակատար Մուշեղ Բաբայանը հունիսի 12-17-ը պաշտոնական այցով Վաշինգտոնում էր՝ Հակակոռուպցիոն կոմիտեի և ԱՄՆ գործընկեր կառույցների միջև երկկողմ հարաբերությունների հաստատման և համագործակցության ընդլայնման, ինչպես նաև նախաքննության և օպերատիվ-հետախուզական գործունեության ոլորտներում ԱՄՆ գործընկերների ունեցած առաջավոր փորձին ծանոթանալու նպատակով։

Հուշագրի ստորագրման նպատակն է ապահովել համանման գործառույթներ իրականացնող երկու կառույցների միջև անմիջական հաղորդակցությունն ու տեղեկատվության փոխանակումը, համագործակցությունը կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարի ոլորտում, փոխանակման ծրագրերի, դասընթացների, աշխատանքային քննարկումների կազմակերպումը:

Այցի շրջանակում հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի, ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի, Համաշխարհային հակակոռուպցիոն համակարգող գրասենյակի և այլ կառույցների ներկայացուցիչների հետ:

Քննարկվել են կոռուպցիոն բնույթի հանցագործությունների, այդ թվում՝ փողերի լվացման, ապօրինի հարստացման վերաբերյալ գործերի քննության մեթոդիկային առնչվող հարցերը, ներկայացվել են նշված իրավախախտումների քննության հիմնական մարտահրավերներն ու դրանց հաղթահարման համար օգտագործվող գործիքակազմի կիրառման օրինակները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շրջանակում կիրառվող նորարարական մոտեցումները:

ԱՄՆ գործընկերները հանդիպումների ընթացքում շեշտել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը և վերջինիս հետ համագործակցությունը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության շրջանակում համարում են հաջողված օրինակ և ձգտում են ընդլայնել Կոմիտեի հետ գործընկերային հարաբերությունները:

ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի և ԱՄՆ պետական դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել Կոմիտեի կազմի վերջնական համալրումից հետո վերապատրաստման դասընթացներ և ուսուցողական այցեր իրականացնել, որոնք ուղղված կլինեն Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանն ու միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---