Մարզերում արջերն աննախադեպ ակտիվացել են․ FPWC-ն առաջարկում է արագ արձագանքման խումբ ստեղծել

Մարզերում արջերն աննախադեպ ակտիվացել են․ FPWC-ն առաջարկում  է արագ արձագանքման խումբ ստեղծել

PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգում է, որ մարդ-արջ կոնֆլիկտն ահագնանում է Հայաստանի տարբեր մարզերում։ Խնդիրը հատկապես ակնհայտ է Վայոց ձորի մարզում, և այս մասին փաստում են բազմաթիվ ահազանգերն ինչպես հիմնադրամի գրասենյակ, այնպես էլ պատկան այլ մարմինները։

Մասնավորապես, փաստը վկայող թակարդ-տեսախցիկների նկարահանումներ կան, որոնք փաստել են արջերի աննախադեպ ակտիվացումը հատկապես տվյալ տարածքում։

«Հաշվի առնելով առկա խնդիրները՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն առաջարկում է ստեղծել արագ արձագանքման խումբ՝ կազմված ԱԻՆ աշխատակիցներից, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ներկայացուցիչներից, Վայոց ձորի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության ներկայացուցչից և Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի անտառապահներից։

Արագ արձագանքման խումբը պատասխանատու կլինի հնարավորինս արագ հասնելու դեպքի վայր, արձանագրելու և փաստագրելու տեղում հարձակման դեպքերը և հաշվետու կլինի պատկան մարմիններին։ Մենք լիահույս ենք, որ նմանատիպ համագործակցությունը կնպաստի մարդ- արջ կոնֆլիկտի մեղմանը Վայոց ձորի մարզում»,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Հիմնադրամն իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու կոնֆլիկտի ուսումնասիրմանը, անհրաժեշտության դեպքում կոնֆլիկտային վարք ցուցաբերող առանձնյակներին բռնելու և ապաստարան տրամադրելու հարցում, ինչպես նաև ֆինանսապես աջակցելու Շրջակա միջավայրի նախարարությանը Հայաստանում արջերի թվաքանակի և տարածվածության ուսումնասիրությունների իրականացմանը՝ International Animal Rescue-ի և FPWC-ի միջոցներով։

ՀՀ ԱԻ նախարարության կողմից առաջարկվել է հարցի շուրջ հանդիպում կազմակերպել։ Հիմնադրամը դեռ սպասում է Շրջակա միջավայրի նախարարության արձագանքին։

Հիմնադրամը 2016 թ․ ստեղծել է Վայրի կենդանիների փրկարար կենտրոն, տարիներ շարունակ զբաղվում է արջերի փրկությամբ։ Հիմնադրամը մեծ փորձ ունի ոչ միայն անազատության մեջ գտնվող արջերի, այլև բնության մեջ թակարդում հայտնված արջերի փրկության գործում։ Բացի այդ, հիմնադրամը մարդ-արջ կոնֆլիկտը մեղմելու համար նվիրաբերել է էլեկտրական հովիվներ Վայոց ձորի մարզի խոցելի համայնքներին։ Այս փաստերը ևս մեծացնում են կարևորությունը ուշադրությունը սևեռելու Վայոց ձորի մարզում մարդ-արջ կոնֆլիկտի ուսումնասիրության վրա։

Մայիսի 14-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում` Շատին բնակավայրի «Շորալի» կոչվող տարածքում արջը հարձակվել է բոխի հավաքող 67-ամյա Սամվել Լևոնյանի վրա։ Արջը վնասվածքներ է պատճառել գլխին, դեմքին ու վերին վերջույթներին։

Մայիսի սկզբին Օհանավանի ձորում արջն իր քոթոթներով հարձակվել է սիբեխ հավաքող տղամարդու վրա, վերջինս հոսպիտալացվել է։

Իսկ 2019-ի սեպտեմբերինն Արագածի վրա արջը հարձակվել էր երկու լեհաստանցիների վրա, նրանցից մեկը մահացել է։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---