Արմեն Գևորգյան. ԵԽ-ն և դրա մարմինները չեն կարողանում իրերն իրենց անունով կոչել

Արմեն Գևորգյան. ԵԽ-ն և դրա մարմինները չեն կարողանում իրերն իրենց անունով կոչել

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության մշտական անդամ Արմեն Գևորգյանը լիագումար նիստում «Անվտանգության նոր մարտահրավերները Եվրոպայում. Եվրոպայի խորհրդի դերը» թեմայով քննարկման ժամանակ նշել է, որ ԵԽ-ն և նրա մարմինները թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել։

«․․․Մենք սկսել ենք մարդկային ճակատագրին վերաբերվել բավականին ընտրողաբար և շատ հաճախ՝ աշխարհաքաղաքական համատեքստում։ Այս Վեհաժողովում որոշ քննարկումներ ցույց են տալիս, որ մենք թույլ ենք տվել, որ, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, որոշ եվրոպացիների տառապանքն ավելի կարևոր համարվի, քան մյուս եվրոպացիներինը, որ որոշ եվրոպացի ժողովուրդների ինքնորոշման իրավունքն անվերապահ լինի, իսկ մյուսներինը՝ միայն դեկլարատիվ:

Մեծ ջանքեր ենք գործադրել անդամ երկրներում մահապատիժը վերացնելու համար, սակայն աչք ենք փակում այն բանի վրա, թե բարձր տեխնոլոգիաների արդյունաբերությունն ինչպես է նոր մահաբեր սպառազինություն ստեղծում և ազատ վաճառում շուկայում: Երբևէ չեմ լսել, որ որևէ հետաքննություն կամ փաստահավաք առաքելություններ բացահայտեն, թե ինչպես են որոշ անդամ պետություններ օգտագործում արգելված զինատեսակներ, ինչպիսիք են, օրինակ, սպիտակ ֆոսֆորային ռումբերը: Որոշ անդամ երկրներ ցույց են տվել, որ ուժի և փողի կիրառմամբ կարելի է լուծել որոշ հարցեր՝ անտեսելով հիմնարար իրավունքներն ու ազատությունները»,-ասել է նա։

Գևորգյանը նաև նշել է, որ կազմակերպության համար տարօրինակ ավանդույթ է դարձել որոշ հիմնարար իրավունքների և ազատությունների խախտումների քննարկումից խուսափելը՝ բացատրելով, որ Եվրոպայի խորհուրդը չի զբաղվում անվտանգության հարցերով։

«Սա շատ անընդունելի դիրքորոշում է, որն ըստ էության խրախուսում է նոր խախտումներ։ Որտե՞ղ և ինչպե՞ս է որոշվում, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը դուրս է Եվրոպայի խորհրդի շահերից, որ մեր կազմակերպության որևէ անդամի կողմից հազարավոր անմեղ մարդկանց սպանող ցանկացած ռազմական ագրեսիա մեր մանդատի սահմաններում չէ։

Ես փորձում եմ, բայց չեմ կարողանում հասկանալ, թե Եվրախորհրդարանն ինչպես կարող է խոսել արժեքների և մարդու իրավունքների լեզվով՝ ընդունելով համապատասխան լեզուն և բանաձևեր, օրինակ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, մինչդեռ Եվրոպայի խորհուրդը և նրա մարմինները, ներառյալ այս Վեհաժողովը, թաքնվում են «քաղաքական կոռեկտության» հետևում և չեն կարողանում իրերն իրենց անուններով կոչել»,-ասել է նա։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---